«Առանց շնիկիս երբեք տնից դուրս չեմ գա» :)
Երեւի թե շատերը կհիշեն` մի քանի տարի առաջ վարդագույն հագուստով ու վարդագույն մազերով, շնիկը ձեռքին մի “խենթուկ” աղջիկ Երեւանում ներկայացրեց իր առաջին, բավականին համարձակ ու բազմերանգ ցուցադրությունը: Դեղին զուգագուլպաներ, կանաչ վերնաշապիկ ու կապույտ տաբատ, բայց արդյունքը միանշանակ էր` նա հիշվեց: Դիզայներ-մոդելավորող Արեւիկ Սիմոնյան կամ KIVERA NAYNOMIS` այսօր արդեն էլեգանտ բիզնես-լեդի, ում պահարանում գերիշխում են սեւ, սպիտակ եւ մոխրագույն գույները, իսկ ներկայացրած հագուստը հիմնականում միջին տարիքի էլեգանտ ու դասական կանանց համար է:
Ընտանիքով բնակվելով Մոսկվայում` Արեւիկը ավարտել է Մոսկվայի ՕՐՏ Տեխնոլոգիաների քոլեջի դիզայնի ֆակուլտետը: Մոսկվայում մասնակցել է բազմաթիվ ցուցադրությունների, մրցանակների արժանացել, իր հավաքածուն Փարիզում ներկայացնելու հրավեր ստացել, իսկ հետո, Լոնդոնում ուսումը շարունակելու փոխարեն, ընտրել է Երեւանն ու վերադարձել :): Այսօր նա է զբաղվում շատ ու շատ հայտնի հայերի ոճով, իսկ Կասկադի հարեւանությամբ գործող իր խանութի դռները բաց են բոլորի համար:
- Դու աշխատում ես շատ հայտնի մարդկանց հետ, ինչո՞վ ես առաջնորդվում տվյալ անձի ոճն ընտրելիս:
- Նախ ասեմ, որ մենք միայն “աստղերի” հետ չենք աշխատում: Հաճախ մարդիկ պարզապես գալիս ու դիմում են մեզ: Հիմնականում աշխատում ենք կոնկրետ տեսահոլովակների կամ ֆոտոշարքերի համար: Այդ դեպքում լսում եմ երգը կամ ծանոթանում եմ ֆոտոշարքի թեմային:
Ամենասկզբում աշխատել ենք Արամեի, Արչիի, Էմմիի հետ: Ամենաերկար համագործակցությունը Սոֆի Մխեյանի հետ է: Աշխատում ենք նաեւ Արմինկայի, Նազենի Հովհաննիսյանի հետ: Լինում են նաեւ մեկանգամյա, ոչ մշտական համագործակցություններ: Վերջերս համագործակցեցինք Անուշ ու Ինգա Արշակյանների հետ իրենց համերգի համար: Աշխատել ենք նաեւ Արման Հովհաննիսյանի, Սիրուշոյի ու էլի շատերի հետ:
- Եվ ո՞վ է մեզանում ամենաոճայինը:
- Ես կառանձնացնեմ Արմինկային, Սիրուշոյին, հաղորդավար Արչիին:
- Իսկ ո՞վ է ամենաբծախնդիր «աստղը»:
- Չեմ կարող առանձնացնել, ուղղակի վատ է, երբ մարդը անպարտաճանաչ է, կամ էլ չգիտի, թե ինչ է ուզում, բայց քեզ էլ չի վստահում:
- Ի՞նչն է քեզ ոգեշնչում հավաքածու ստեղծել:
- Հիմնականում այսպես է լինում: Ես որոշում եմ, որ պետք է հավաքածու ստեղծեմ ու գնում եմ կտորի աշխարհ, այսինքն` Մոսկվա :): Խորասուզվում եմ կտորների մեջ, սկսում եմ դասավորել, կանգնել ամեն կտորի առջեւ ու հենց այդ ժամանակ ինչ-որ բաներ եմ մտածում:
- Մոտավորապես 2 տարի ցուցադրություն չես ունեցել: Ի՞նչն է պատճառը:
- Խանութի գործունեությամբ եմ զբաղված ու չեմ հասցնում: Ես ամեն օր որոշում եմ, որ, օրինակ, ապրիլին անում ենք նոր հավաքածու ու ցուցադրություն: Հետո ապրիլը անցնում է, ասում եմ` լավ, սեպտեմբերին :): Այս տարի «Կիվերա Նայնոմիս» բրենդի 5-ամյա հոբելյանն է, այնպես որ մինչեւ սեպտեմբեր ցուցադրություն կունենանք:
- Իսկ ինչպե՞ս ծնվեց բրենդիդ «Կիվերա Նայնոմիս» անվանումը:
- Դեռ քոլեջում, երբ նկարում էի, նկարների տակ միշտ անունս հակառակ էի գրում (ԱՐԵՎԻԿ=ԿԻՎԵՐԱ): Իսկ երբ եկավ ժամանակը, որ պետք է գրանցեի բրենդս, որոշեցի, որ Kivera Naynomis անվանումը ավելի հնչեղ կլինի արտասահմանյան շուկայի համար:
- Ովքե՞ր են աշխատում քեզ հետ քո արհեստանոցում, կպատմե՞ս թիմիդ մասին:
- Մեր թիմը «բանդա» է :) : Ինձ համար ամենակարեւորը մեր կոլեկտիվն է: Մենք շատ ընկերական ենք միմյանց հետ: Դա առաջնային նախադրյալն է, որ գործը հաջողվի: Առանձին անուններ չեմ ուզում նշել. բոլորին շատ եմ սիրում:
- Որքա՞ն ժամանակ ես ծախսում քո արտաքին տեսքի վրա:
- Ամեն ինչ կախված է տրամադրությունից: Լինում է, որ արթնանում եմ ու այն, ինչ սովորաբար պատկերացնում էի, որ կսազի ինձ, դուրս չի գալիս: Բայց քանի որ ես մշտապես ժամանակի պակաս ունեմ ու հաճախ ուշանում եմ, արտաքինիս վրա ծախսում եմ ամենաշատը 10 րոպե:
- Իսկ որքանո՞վ ես կարեւորում հագուստի բրենդը:
- Հագուստի բրենդը ինձ համար ընդհանրապես կարեւոր չէ: Հիմնականում, երբ գնում եմ բրենդային հագուստ, հետո կտրատում, փոփոխում եմ այն:
- Առանց ինչի՞ երբեք դուրս չես գա տնից, ու ի՞նչ կարելի է միշտ գտնել քո պայուսակում:
- Առանց շնիկիս` Կիկիի, երբեք չեմ դուրս գա :): (Ի դեպ, Կիկին նույնպես մասնակցում էր հարցազրույցին` ժամանակ առ ժամանակ արտահայտելով իր կարծիքը բարակ հաչի տեսքով :)): Միշտ մատանիներ եմ կրում: Իսկ պայուսակումս միշտ շպար կարելի է գտնել:
- Իսկ ո՞վ է ում լրացնում` դու շնիկի՞դ, թե՞ նա քեզ :) :
- Կիկի ջան, կներես, բայց ես եմ քեզ լրացնում :): Շատերն են մտածում, թե Կիկին իմ աքսեսուարն է, բայց նույնիսկ եթե առանց նրա եմ դուրս գալիս տնից, 10 րոպեից հասկանում եմ, որ ձեռքս դատարկ ա, սովորել եմ իրան շատ:
- Մարդու հագուստին, արտաքին տեսքին նայելով` ի՞նչ կարող ես հասկանալ նրա բնավորության մասին:
- Ընդհանրապես, երբ մի տեղ եմ գնում, հաճախ մոռանում եմ, թե որտեղ եմ, ու սկսում եմ ուշադիր զննել, թե ով ինչ է հագել: Հետո էլ սկսում եմ մտածել, ինչ կարելի է փոխել հագուստի մեջ, որ ավելի գեղեցիկ նայվի: Նույնիսկ ամուսինս միշտ ծիծաղում է վրաս, ասում, որ հյուր ենք եկել, աշխատանքի չեմ :): Բայց մարդկանց բնավորության մասին աչքերից եմ հասկանում, չնայած ոճը շատ բան կարող է ասել:
- Իսկ ամուսինդ հագուստի ընտրության մեջ խառնվո՞ւմ է:
- Նրա համար միայն կարեւոր է, որ շատ կարճ չլինի :): Ես փորձում եմ ինչ-որ բաներ փոխել իր հագուստի մեջ, գույներ մտցնել: Բայց նա դասական տղամարդ է, կոստյումներ է կրում:
- Հայերն ի՞նչ խնդիրներ ունեն հագնվելու հետ:
- Ամենակարեւորը ճաշակի խնդիրն է: Մարդիկ չեն տեսել ու դրա համար հաճախ վախենում են փորձել: Հայերը հիմնականում կարծում են, որ գեղեցիկ լինելու համար պետք է շատ ճոխ բաներ կրել` քարիկներ, ժապավեններ, աքսեսուարներ: Բայց զարգացում նկատում եմ, ուրախ եմ, որ գորշ գույները քչացել են, մարդիկ հիմա վառ գույներ են ուզում: Բավականին համարձակ սանրվածքներ, կոշիկներ եմ նկատում:
- Նորաձեւության աշխարհում ովքե՞ր են կուռքերդ:
- Ոչ թե նորաձեւության աշխարհում, այլ պարզապես որպես կնոջ մարմնացում կնշեմ Մոնիկա Բելուչիին: Իսկ ինձ համար իդեալը Օդրի Հեփբերնի կերպարն է: Կան շատ ու շատ դիզայներներ, ում աշխատանքներին որպես արվեստի գործեր եմ վերաբերում:
- Ի՞նչն է նորաձեւ լինելու 2011 թվականին, եւ ի՞նչ հագնել ամանորյա գիշերը:
- Մենք առաջարկում ենք երկու գունային ուղղություն. վառ գույներ` գազարագույն, վարդագույն; եւ սեւ, սպիտակ ու կաթնագույն, քանի որ նապաստակի տարի է: Մեր խանութում առաջարկում ենք փաթիլներով զգեստներ :) :
Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: