×


Հենրի Գարուկյան

Հենրի Գարուկյան

“Նկարիչը սահման չի ճանաչում” Ինչպե՞ս սկսեցի նկարել … Իրականում նկարչի համար կարեւոր չէ` ինչպե ՞ս, ե՞րբ: Ինձ քիչ է հետաքրքրում` ո՞վ եկավ, ու՞մ հետ հանդիպեցի, ի՞նչ եղավ: Ինձ իմ գործն է հետաքրքրում: Ճի՞շտ տեղում եմ, թե`չէ: Այդ սովորական ճանապարհը` նկարչական դպրոց եւ այլն, եղել է ու այդպես էլ պետք է լիներ: Ժամանակին դա կարեւոր էր, հիմա է, որ կարեւոր չէ: Այն ժամանակ նկարչությունը մասնագիտություն էր, իսկ հիմա` հոբբի: Բայց արվեստագետը մասնագիտություն չէ, երեւույթ է: Արվեստը բնորոշելու համար ուրիշ բառ է պետք գտնել, բայց չեմ էլ չարչարվում դրա վրա :): Henry Garukyan Ավարտել եմ Արվեստի ակադեմիան: Այն ժամանակ կոչվում էր Գեղարվեստաթատերական ինստիտուտ: Մենք սովորում էինք ռեժիսորների ու դերասանների հետ, ու այդպես շատ ավելի հետաքրքիր էր: Էլ Գրեկոյին ու Յոհան Սեբաստիան Բախին եմ համարում ուսուցիչ, բայց դա հոգու գաղտնիք է: Ավելի լավ է նայեն նկարներդ ու եզրակացություններ անեն ուսուցչիդ մասին: Հետագայում ժամանակը հաստատում է, որ հենց նրանք են քո ուսուցիչները: Բայց, եթե ասում եմ` նրանք են իմ հոգեւոր ծնողները, չի նշանակում, որ ուրիշ որեւէ ծաղկից չեմ ուզում հոտ քաշել: Ուղղակի հիմքն է դա: Բեմերի, ամսագրերի ձեւավորման, կերամիկական աշխատանքների, գոբելենի, ափսեների վրա նկարազարդումների վերաբերյալ կասեմ, որ նկարիչը նկարում է այն ամենի վրա, ինչը հասանելի է: Նկարիչը սահման չի ճանաչում: Պիկասոյի նման նկարիչը նկարել է թղթի, կտավի, ֆաներայի, կերամիկայի վրա. զգացել է այդպես ու արել: Նշանակություն չունի` ինչը ինչով ես անում: Կարող ես քանդակել ոսկով, բայց քանդակդ  արժեք չունենա, կարող ես սովորական փայտից քանդակ պատրաստել ու այն գլուխգործոց դառնա: Չէ, ոչ թե դառնա, այլ այդպես ծնվի: Նկարչի աշխատանքներից 1990 թվականին առաջին անգամ արտասահման մեկնեցի` ԱՄՆ: Հիմա հեշտությամբ կարող ես տոմս գնել եւ մեկնել ուր ուզում ես, իսկ այն ժամանակ մենք սիրունիկ բանտում էինք ապրում: Շահույթ բառը իմ դեպքում համարյա չի օգտագործվում: Ես աշխատում եմ նման բառերից հեռու մնալ: Ոչ թե այն պատճառով, որ ես չէի ուզենա շահույթ ունենալ, բայց հանուն դրա տանջվել չի կարելի: Դու անում ես մի բան, հետո լինում է կամ չի լինում, ինքը գիտի:): Բայց պետք է ամեն ինչ ազնիվ ու ճիշտ անես, բայց ճիշտը վատ բառ է, որովհետեւ այդ հարցում ճիշտ չկա: Դու ինքդ պետք է զգաս. կամ արել ես, կամ` ոչ: Նկարչությունը դասակարգված էր մինչեւ հիմա, բայց այժմ` ոչ: Նկարչությունը դպրոցների էր բաժանված: Այդ ամենը փոխվեց հենց աբստրակտ արվեստի բոլոր ճյուղերից հետո, երբ դատարկ կտավ կախվեց որպես գործ, ու դա գործ էր: Դրանից հետո, հավանաբար, պետք է կանգ առնել ու շունչ քաշել: Henry Garukyan Լավ խմիչք, սուրճ պետք է լինի արվեստանոցումս, բացի ներկերից ու կտավներից: Բայց, եթե դա չլինի, միեւնույն է լավ է: Չեմ հասկանում, երբ հավաքածու են հավաքում: Նույնիսկ իմ նկարները չեմ սիրում հավաքել: Իմ նկարները ինձ համար չեն: Ես ստեղծում եմ, իսկ նրանք պետք է գնան ապրելու: Երեխան, երբ ծնվում է, քոնն է, բայց սեփականությունդ չէ: Եթե հնարավորություն ունենայի համաշխարհային գլուխգործոցներից մեկը գնել … Չէի գնի :): Կուզեի, որ այդ կտավը թանգարանում մնար, որպեսզի շատերը կարողանային վայելել: Ու նույնիսկ թանգարանների մուտքը անվճար կդարձնեի: Հենրի Գարուկյանի աշխատանքերից Գումարը կարող է ոգեշնչել մեկին, մյուսը անտարբեր կմնա: Բայց գումարը իրականում թղթի կտոր է, ուղղակի` միջոց: Գումարը կարող է արժեզրկվել, իսկ իրական արժեքը ժամանակ չի ճանաչում: Լեոնարդո դա Վինչիի փոքր գործը ժամանակին չի ենթարկվում, Բախի հնչյունները երբեք չեն փոխվի: Կոնկրետ մարդկանց, գործողություններ, ժամանակի հետ կապված խնդիրներ պատկերել եմ կտավներումս, բայց այստեղ էլ սահման չկա: Սա իմ թատրոնն է, որ ուզում եմ ուրիշներն էլ նայեն: Դժվար է ամեն տեղ: Բայց ես ինձ լավ եմ զգում իմ երկրում, ինչո՞ ւ պետք է հեռանամ: Անկախ նրանից, որ այստեղ շատ բացասական կողմեր էլ կան, իմ հայրենիքում ինձ լիարժեք մարդ եմ զգում: Արտասահմանում շատ հանրահայտ մարդկանց հետ շփվեցի, ընկերացա, այո, լավ է, բայց սա է իմը, այստեղ եմ ինձ լավ զգում: Henry Garukyan Հիմա շարունակում եմ աշխատել: Արհեստականորեն նոր բաներ փնտրելու, իրագործելու փոխարեն պարզապես ապրում եմ: Չի կարելի ճահճանալ: Հոգու սով է սկսվել այժմ: Դա միշտ է եղել, բայց հիմա շատացել է: Ուղղակի դա անցողիկ է: Միգուցե ես չտեսնեմ, բայց որ անցողիկ է, դա հաստատ: Այլապես չի շարունակվի կյանքը: Իսկ դա անհնար է: Նույնիսկ, եթե ես ճանապարհներ չտեսնեմ, միեւնույն է գիտեմ, որ լավ է լինելու, ու սա այն հիմար լավատեսությունը չի: Բնական ճանապարհ է, պարզապես չգիտեմ` երբ: Պիկասոյի կտավները ինչո՞ ւ այդքան թանկացան: Որովհետեւ մարդիկ գումար են ծախսում ոչ միայն կտավի, այլ ժամանակաշրջանի համար: Նրանք իրենց տուրքն են տալիս այդ ժամանակաշրջանին: Մի քանի նկարիչներ կան, այդ թվում` Պիկասոն, Սարյանը, ում ես չտես եմ անվանում :): Լավ իմաստով չտես: Նրանք այնքան լավ են զգացել այդ ժամանակը. վերցրել են ու տվել, վերցրել ու տվել: Ու քիչ է մնում ասես` մի քիչ էլ հանգիստ մնայիք էլի: Չնայած` էնքան տեղ կա այդ ոլորտում, եթե ուզում ես` արա: Նկարչի աշխատանքներից Առայժմ ցուցահանդես չեմ ուզում կազմակերպել: Անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել Ֆրանսիայում, Լոնդոնում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Աթենքում ու էլի շատ ու շատ երկրներում: Ունեմ գործեր, որ կարող եմ ներկայացնել այստեղ, բայց ցուցահանդեսը պետք է որեւէ նպատակի ծառայի: Հիմա ցուցահանդեսը տեւում է մեկ օր. ֆուրշետ են կազմակերպում,  իսկ մյուս օրը արդեն այցելու չկա: Մենք առանց դրա էլ հաճախ հանդիպում ենք ընկերներով, համեղ ուտում, քննարկում ենք. շատ ավելի բան եմ իմանում, քան ցուցահանդեսից: Աշխարհն այնքան հին է, ու իրականում ոչ մի նոր բան չի ասվում, այդպես  միայն թվում է: Միգուցե մեղադրեն, ասեն ժամանակը մերն է, դուք չեք հասկանում, բայց այդպես չէ: Այս ամենը ասացի միայն մեկ բանի համար` չկա հաճույքի համար արվեստ հասկացությունը: Արվեստը առանձին մի բան չէ: Սխալ է, երբ առանձնացնում են, ասում գիտություն եւ արվեստ: Իրականում  այդ ամենը մեկ հասկացություն է` կյանքն է, որտեղ մեկն իր ներկերով է կարողանում արտահայտվել, մյուսը` ֆիզիկայի կամ քիմիայի օրենքները կիրառելով, բայց բոլորս էլ մեկ բան ենք անում. այս աշխարհն ենք փորձում հասկանալ: Ո՞ ւ ր ենք եկել ու ո՞ւր ենք գնալու: Ինչո՞ւ  ենք հենց  մենք ծնվել, այլ ոչ թե ուրիշը: Միլիոնավոր տարբերակներից մեկն է ծնվում ու դա` դու ես: Այդպես էլ կյանքն է, այդպես էլ արվեստն է երեւի … Երեւի չէ` հաստատ :): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport