Ներկայացնում է WOW ամսագիրը Նա երազում է աշխատել Հայաստանում, բայց դեռ չի վերադառնա հայրենիք Իտալիայում ապրող հայտնի դիզայներ Նաիրա Խաչատրյանը, ով աշխատել է ամենահայտնի բրենդների հետ` Yves Saint Laurent, Gucci, Stella McCartney, Jil Sanders, Dolce & Gabbana, Alexander McQueen, իր խիստ ծանրաբեռնված օրերից մեկի «լանչթայմը» տրամադրեց ինձ հետ հարցազրույցին: - Լսել եմ` մտադիր ես Իտալիայից տեղափոխվել Լոնդոն: Նոր աշխատանքային առաջա՞րկ ունես: - Այո, նման մտքեր ունեմ, բայց դրանք կապ չունեն աշխատանքային առաջարկների հետ: Դա ինձ պետք է ստեղծագործական ոգեշնչման համար: Իսկ իմ աշխատանքը Իտալիայում է: Ես շատ պայմանագրեր ունեմ, որոնք չեմ կարող խախտել: - Դժվար չէ ՞ մրցակցել ամենաfashion երկրում` Իտալիայում: - Իմ փորձից դատելով` կարող եմ ասել, որ Իտալիայում տաղանդն ու շնորհը շատ է գնահատվում, որի միջոցով մեծ հաջողությունների կարող ես հասնել: Իտալացիները շատ գնահատող են: Բացի այդ, երբ քո տեղն արդեն գրավում ես, ապա մրցակցության հարց չկա: Իտալիայում շատ բրենդների ոճով զբաղվում են ոչ իտալացիները: - Դու աշխատել ես շատ հայտնի նորաձևության տների հետ: Որտե՞ղ ավելի լավ կարողացար քեզ դրսևորել: - Աշխատել ու աշխատում եմ համաշխարհային բրենդների հետ, եւ բնականաբար այդ աշխատանքն իր հաճելի ու միաժամանակ դժվար կողմերն ունի: Կարող եմ առանձնացնել հատկապես Yves Saint Laurent-ի հետ իմ աշխատանքը: - Տեղյակ եմ, որ քո անհատական հագուստները` Naira Khachatryan ապրանքանշով, արդեն վաճառվում են շատ քաղաքներում, show room-երում: Ինչպե՞ս հաջողվեց: - Իմ ապրանքանիշը ստեղծվեց երկու տարի առաջ եւ այդ ընթացքում շատ հայտնի դարձավ: Naira Khachatryan-ն այժմ համագործակցում է իտալական տրիկոտաժի ամենահայտնի ֆաբրիկաների հետ, որոնց հետ համագործակցում են նաև Armani, Chanel, D&G և այլ համաշխարհային բրենդները: Իմ հավաքածուները տարբեր երկրներում են վաճառվում, եւ ամեն տարի մենք ընդլայնում ենք մեր շուկան: Իտալիայում իմ հագուստները վաճառվում են Soceta Italia show room-ում, իսկ հուլիսի 25-ին Riccione քաղաքում իմ անհատական ցուցադրությունը կլինի, որը կազմակերպել է Feder Moda գործակալությունը: - Ազգությամբ հայ դիզայներների աշխատանքներին ծանո՞թ ես: Ըստ քեզ` որո՞նք են նրանց աշխատանքների առանձնահատկությունները: - Հայ դիզայներներից շատ քչերին եմ ճանաչում: Այստեղ ապրելով` մի փոքր հեռու եմ մնացել Հայաստանի եւ Ռուսաստանի նորաձևության աշխարհներից: Դրա համար փորձեցի մասնակցել ռուսական նորաձևության շաբաթին` RFW-ին, ու հասկացա, որ շատ տաղանդավոր հայ դիզայներներ կան: Պարզապես Հայաստանում պայմաններն են սուղ: - Քո հագուստներում գերակշռում է տրիկոտաժը, ինչո՞ւ: Դա պայմանավորված է կոմերցիայո՞վ, թե՞ ցանկությամբ: - Տրիկոտաժի հետ աշխատելը երկար ու շատ հետաքրքիր գործընթաց է: Բացի այդ, տրիկոտաժը այսօր շատ մեծ տեղ ունի նորաձևության ասպարեզում իր հարմարավետության ու ճկունության պատճառով: Տրիկոտաժով աշխատելն ավելի մեծ հնարավորություն է տալիս ստեղծագործելու համար: Այս աշխատանքն սկսվում է թելի մշակումից, որից հետո ստեղծում ես գործվածքը, ապա նոր մտածում դրա ֆորմայի մասին: - Ասում են` տղամարդիկ ավելի հաջողակ են նորաձևության ոլորտում: Դո՞ւ էլ ես այդպես կարծում: - Իմ ամենասիրելի դիզայներից մեկը` Coco Chanel-ը կին է, եւ Madam Vionne-ն, ում մինչ օրս շատ հայտնի նորաձեւության տներ կրկնօրինակում են, նույնպես կին է: Կան նաեւ երիտասարդ շատ հայտնի կին դիզայներներ, ովքեր ամրապնդում են իրենց դիրքերը: Այնպես որ, միայն տղամարդիկ հաջողակ չեն այս ասպարեզում: - Ո՞ր բրենդի համար երբեք չես աշխատի, եւ ո՞ր բրենդի համար ես երազում աշխատել: - Եթե պրոֆեսիոնալ ես, ապա երբեք չես կարող ասել, թե ում հետ կաշխատես եւ ում հետ չես աշխատի: Դա քո աշխատանքն է, եւ պետք է այն առանց քո քմահաճույքների կատարես: - Հարցազրույցներից մեկում նշել ես, որ քո կարած հագուստները չես հագնում: Ինչո՞ւ: - Հատուկ ինձ համար հագուստներ չեմ կարում, չեմ ստեղծագործում, բայց արդեն պատրաստի հագուստները հագնում եմ, որպեսզի գնահատեմ դրանց հարմարավետությունն ու հասկանամ: - Մտադիր չե՞ս վերադառնալ Հայաստան, վերաբացել տրիկոտաժի չաշխատող ֆաբրիկաներից մեկն ու զարգացնել Հայաստանում այդ ոլորտը: - Շատ եմ սիրում Հայաստանը, բայց չէի համաձայնի վերադառնալ, որովհետեւ երկար տարիներ արդեն այդտեղ չեմ ապրում ու վստահ չեմ, որ կկարողանամ Հայաստանում այդ ոլորտը զարգացնել, հասցնել Եվրոպայի մակարդակի: Դա իմ երազանքն է` իմ հողի մեջ, իմ ազգի աշխատանքով արտադրել իմ հագուստները: Զրույցը` Մհեր Բաղդասարյանի Հարցազրույցը եւ լուսանկարները` WOW ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: