Արվեստի բացառիկ նմուշները` Երեւանում Հայաստանի ազգային պատկերասրահում երեք ամիս շարունակ կգործի տպագիր գրաֆիկայի ցուցահանդես: Անվանի սյուրռեալիստներին նվիրված ցուցահանդեսի բացումն այսօր էր: Ազգային պատկերասրահի նախասրահում կախված են Սալվադոր Դալիի եւ Ժան Կոկտոյի ձեռագործ պաստառագորգերը, իսկ երկու ցուցասրահում ներկայացված են այնպիսի աշխարհահռչակ նկարիչների 160 աշխատանք, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Հանս Բելմերը, Լեոնոր Ֆինին, Ջորջո դե Կիրիկոն: Ցուցահանդեսին ներկայացված են նաեւ աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը: Ցուցադրված են նաեւ հայ նկարիչների աշխատանքները, ովքեր ստեղծագործել են սյուրռեալիզմի ոճում` Հակոբ Հակոբյան, Սերգեյ Փարաջանով, Լեւոն Թութունջյան, Արշիլ Գորկի, Երվանդ Քոչար, Գայանե Խաչատուրյան` շուրջ 50 գեղանկարչական, գրաֆիկական աշխատանք Հայաստանի ազգային պատկերասրահի, ՀԱՊ-ի Էջմիածնի մասնաճյուղի, Ժամանակակից արվեստի թանգարանի, Երվանդ Քոչարի եւ Սերգեյ Փարաջանովի թանգարանների հավաքածուներից: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր հրատարակիչ եւ հայտնի նկարահավաք Պիեռ Արժիլեի դուստրը` Լոս-Անջելեսի “Արժիլե’’ պատկերասրահի տնօրեն Քրիստին Արժիլեն: Արժիլեների ընտանիքին է պատկանում Սալվադոր Դալիի պղնձափորագրության ամենամեծ հավաքածուն: Հենց այդ հավաքածուից 120 օֆորտ ցուցադրվում է նաեւ մեզ մոտ: Դալիի` Երեւանում ներկայացված աշխատանքների մեծ մասը ստեղծվել է 1934-1973 թվականներին եւ ընդգրկվել 20-րդ դարի փորագրության ոսկե ֆոնդում: Հրատարակիչ եւ հայտնի նկարահավաք Պիեռ Արժիլեի հետ Դալին ծանոթացել է 1934 թվականին: Նրանց հանդիպումը բեղմնավոր համագործակցության սկիզբ է հանդիսանում:): Երեւան ժամանած Պիեռ Արժիլեի դուստրը` Քրիստինը, զրուցեց մեզ հետ ու պատմեց իր` մեծն նկարիչ Սալվադոր Դալիի մասին հիշողությունները: “Նա ազատության ինքնատիպ զգացում ուներ: Նրա համոզմամբ` յուրաքանչյուր երեւույթ կարելի էր այլ կերպ ներկայացնել: Ամբողջ կյանքիս ընթացքում այդ “դալիական’’ ազատության զգացումը հետեւում է ինձ’’,- ասաց Քրիստին Արժիլեն: Քրիստինին BRAVO.am-ը հարցրեց նաեւ Դալիի հետ իր հարաբերությունների մասին. Դալին հաճախ է այցելել աղջկա ընտանիքին եւ շփվել նրա հետ, երբ Քրիստինը փոքր է եղել: “Ես վերաբերվում էի նրան որպես չափազանց կարեւոր մի անձնավորություն, որովհետեւ տեսնում էի` որքան կարեւոր ու մեծ դեր ունի նա հայրիկիս կյանքում: Սխալ կլինի ասել` ես նրան պաշտում էի, բայց նման մի զգացողություն ունեի: Նա հիասքանչ անձնավորություն էր, տաղանդավոր նկարիչ’’,- հիշեց Քրիստին Արժիլեն: Չէինք կարող չխոսել Դալիի էպոտաժային պահվածքից. “Նա միշտ անսովոր էր պահում իրեն հանրության առջեւ: Տարբեր շնորհանդեսների, հավաքույթների ընթացքում ես ու հայրս միշտ վախենում էինք, թե ինչ կանի Դալին այդ անգամ:): Այդպիսին էր նա’’: Քրիստինը պատմեց նաեւ այն մեծ ազդեցության ու “դասի” մասին, որ Դալիից է ստացել. “Գիտեք, երբ այցելում էի նրա արվեստանոց, լուռ նստում ու հետեւում էի` ինչպես է աշխատում: Նա շատ այցելուներ էր ունենում: Բոլորի` հարուստ ու պաշտոնյաների եւ հասարակ այցելուների հետ հավասար էր շփվում: Նա երբեք տարբերություն չէր դնում մարդկանց միջեւ ու միշտ մեծագույն հարգանքով էր վերաբերվում բոլորին: Հենց դա է այն դասը, որ միշտ հիշում եմ ու փորձում օգտագործել կյանքում’’: Մինչ ցուցահանդեսի բացումը ցուցադրվեց նաեւ Քրիստին Արժիլեի որդու կողմից պատրաստված ֆիլմ, որտեղ նա օգտագործել է Դալիի այն բոլոր լուսանկարները, որ իր պապիկը` Քրիստինի հայրն էր արել: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ բացված “Սալվադոր Դալին եւ սյուրռեալիստները’’ ցուցահանդեսը գործելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: