Ժակլին Բաղդասարյանի մեղրածոր ձայնով եւ յուրահատուկ երգերով հայ հանդիսատեսին գրաված ֆրանսիական «Լադանիվա» խումբն արդեն Հայաստանում է. մայիսի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա նրանց հայաստանյան առաջին մենահամերգը: Երեկ երեկոյան նրանք արդեն հասցրել են շրջել մայրաքաղաքով եւ վայելել գիշերային Երեւանը։ Համերգից առաջ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ժակլինը պատմեց, որ 6 տարի է՝ այստեղ չէր եղել, եւ շատ բան է փոխվել. ասես նորովի է բացահայտում հայրենիքը։
«Երբ նախորդ անգամ այստեղ էի, ավելի շատ ժամանակ անցկացնում էի Եղեգնաձորում, որտեղ ծնվել եւ անցկացրել եմ կյանքիս առաջին երեք տարին։ Հիմա կփորձենք մայրաքաղաքն ավելի շատ բացահայտել: Երբ քայլում եմ Երեւանով, շուրջս եմ նայում, շատ սիրուն տեղեր եմ տեսնում, ուրախանում եմ եւ մտածում, որ տանն եմ, այստեղից եմ ես, եւ կարծես ինքս ինձ հետ եմ ծանոթանում։ Իհարկե, հիմա դժվար ժամանակներ են, ինչը զգացվում է քաղաքի լարվածությունից »,-նշեց երգչուհին։
Ժակլին Բաղդասարյանը
Ժակլինը BRAVO.am-ի հետ զրույցներից մեկում արդեն հասցրել էր պատմել, որ Հայաստանում համերգ ունենալու գաղափարը ոգեւորում է իրեն եւ շատ է սպասել այդ օրվան։ Համերգն իրականություն է դարձել «Unity Production»-ի նախաձեռնությամբ։ Խմբին օդանավակայանում դիմավորել են «Lada Niva» մակնիշի մեքենայով, ինչը հաճելիորեն զարմացրել եւ ուրախացրել է հատկապես Ժակլինին. «Հուսամ՝ կունենամ հնարավորություն այդ մեքենայով Երեւանով պտտվելու։ Շատ քիչ ենք մնալու այստեղ եւ Հայաստանի մարզեր չենք հասցնի գնալ, միայն նախատեսում ենք լինել Գառնիում, Գեղարդում եւ Էջմիածնում»։
Խմբի շատ անդամներ, այդ թվում՝ Լուի Թոմասն, առաջին անգամ են Հայաստանում։ Ժակլինի եւ հայկական երաժշտության միջոցով «հայացած» Լուին հայերենով դեռ գիտի քիչ բառեր, օրինակ՝ բարեւ, բայց գեղեցիկ եւ յուրահատուկ է համարում հայոց այբուբենը, որն ըստ իրեն՝ նման չէ իրեն ծանոթ այբուբեններին։ Նա նաեւ հասցրել է նկատել ու սիրել Երեւանի գեղեցկությունը։
Ժակլին Բաղդասարյանը, Ալեքսանդր Մհերյանը եւ Անդրե Սիմոնյանը
«Հենց սկզբից՝ օդանավակայանից, մեզ շատ ջերմ դիմավորեցին, այստեղ ինձ շատ հետաքրքիր է, հետաքրքիր ճարտարապետություն կա։ Շատ տպավորիչ է Երեւանի քարի գույնը, որ ամեն տեղ հանդիպում է։ Շատ յուրահատուկ գույն է», - ասաց Լուին։
Ժակլինը պատմեց, որ խմբի անդամները փորձել եւ շատ են հավանել հայկական քաղցրահամ սուջուխը, իսկ ինքն անհամբեր սպասում է, թե երբ է ուտելու ցոգոլ։ Հայերի համար սովորական դարձած սովորությունը՝ չհասած մրգեր ուտելը ֆրանսիացիների համար շա՜տ արտասովոր է։ Լուին զարմացած է, թե կանաչ, խակ վիճակում միրգը ինչպես կարելի է ուտել:
Լուի Թոմասը
«Լուիին թվում էր, թե միայն ես եմ ուտում չհասած մրգերը։ Երբ առաջին անգամ ասեցի նրան, որ խակ ծիրան ու խնձոր եմ սիրում, ծիծաղեց ու մտածեց, որ կատակ եմ անում կամ գիժ եմ։ Այդ մասին Լուին պատմում է բոլոր ընկերներին։ Հիմա եկել է այստեղ ու տեսնում է, որ ամբողջ երկիրն է ցոգոլ եւ շլոր ուտում։ Անհամբեր սպասում եմ, որ տեսնեմ, թե ոնց է իրեն զգալու ցոգոլ ուտելիս»,- իրենց բնորոշ զրնգուն ծիծաղով ասաց Ժակլինը։
Ժակլին Բաղդասարյանը
Համերգի ընթացքում «Լադանիվան» ներկայացնելու է ինչպես արդեն սիրված եւ ծանոթ, այնպես էլ՝ նոր երգեր ու մշակումներ, որոնք դեռ ոչ մի տեղ չեն ներկայացրել եւ YouTube-ում չեն տեղադրել։ Մինչ օրս նրանք իրենց յուրահատուկ մոտեցմամբ նոր շունչ են տվել «Զեփյուռի նման», «Սարերի հովին մեռնեմ» եւ հայկական այլ երգերի։ Լրագրողների հետ հանդիպման ավարտին Ժակլինը ներկաների դրական լիքցեր փոխանցեց՝ կատարելով Շերամի «Պարտեզում վարդեր բացված» երգը:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/


×
6,073





