×


Եվա Սուջյանի մենահամերգն ու Գոռ Սուջյանի հետ նոր տեսահոլովակի պրեմիերան

«Մի՛ դադարիր երազել»՝ Եվա Սուջյանի կոչն է, ինչպես նաեւ օրեր առաջ կայացած մենահամերգի խորագիրը: Երգչուհին իր համերգով որոշել էր երախտագիտության խոսք ասել պատերազմին մասնակցած զինծառայողներին, կամավորներին, բուժաշխատողներին եւ այն անհատներին ու ՀԿ-ներին, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել բանակին։ Հենց նրանք էլ հրավիրվել էին ու ներկա էին հանդիսատեսի շարքերում։

Եվա Սուջյանը


«Համերգային այս նախագծի գաղափարը ծնվեց դեռ պատերազմի օրերին։ Նպատակ ունենք երաժշտության միջոցով հույս ու հավատ փոխանցել ապագայի հանդեպ, ինչպես նաեւ անվերջ շնորհակալ լինել պատերազմի բոլոր մասնակիցներին ու բանակի աջակիցներին։ Եթե սահմանին կանգնած զինվորը մի պահ դադարեր երազել եւ հավատալ հաղթանակին, ամեն բան կորած կլիներ։ Եթե բժիշկը մի պահ դադարեր հավատալ ու երազել եւս մեկ կյանք փրկելու հնարավորության մասին, ամեն բան կորած կլիներ։ Հենց նրանք են այն ոգեշնչման աղբյուրը, որի շնորհիվ մենք չենք դադարում երազել»,- իր խոսքում նշեց երգչուհին։

Գոռ Սուջյանը


Չնայած հավատ ներշնչող համերգային խորագրին՝ Եվա եւ Գոռ Սուջյանների նոր երգը կոչվում է «Հանձնվում եմ», սակայն երգչուհին ընդգծում է՝ եթե հանձնվել, ապա միայն Աստծուն․«Երգն իրականում շատ խոր իմաստ ունի։ Ես միշտ ասում եմ՝ եթե հանձնվել, ապա միայն Աստծուն։ Երգը դրա մասին է։ Խոսքերի հեղինակը քույրս է՝ Աստղիկ Ավետիսյանը, երաժշտությունը ես եմ գրել։ Տեսահոլովակը նկարահանել ենք այս տարի, ռեժիսորը Գեւորգ Հայրապետյանն է, օպերատորը՝ Արտյոմ Սարիբեկյանը։ Հոլովակում էլ պարում է իմ աշակերտուհին՝ Հասմիկ Դանիելյանը։ Կարծում եմ՝ գեղեցիկ աշխատանք է ստացվել»,- ասաց նա։



Համերգի ընթացքում Եվան ներկայացրեց իր հեղինակային երգերը, բայց մինչ այդ ելույթ ունեցան Արցախիկները։ Միջոցառմանը ներկա էր նաեւ Գոռ Սուջյանը, որը նույնպես հանդես եկավ իր երգերով։

Տիգրան Սուչյանը եւ Արցախիկները


Եվա Սուջյանի եւ Black Gold Project-ի «Մի՛ դադարիր երազել» խորագրով նախագիծը շուտով կներկայացվի նաեւ մարզերում, տարբեր քաղաքներում։ Երգչուհին ասում է՝ իրենց նպատակն առաջիկայում հենց դա է, մնում է՝ ստացվի իրագործել։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին