×


«Ասացի՝ «Տղա ջան, ես 10 տարի պայքարել եմ, Հայկոյին Զադոյանի ձեռքից առել եմ, քեզ չեմ տա». Ավետ Բարսեղյան

Ավետն արագ-արագ թերթում է WhatsApp-ում Հայկոյի հետ նամակագրությունը. երգչի հաղորդագրությունները սկսվում են նույն բառով՝ «Վարպետս, դե, դու գիտես», «Վարպետս, քո ձեւերով մի հատ նայիր»:

«Ամենաշատը հենց սա եմ կարոտել... Նրանից էլ նամակ չեմ ստանալու»,- BRAVO.am-ի հետ զրույցն այսպես է սկսում Ավետը:

Ավետ Բարսեղյանի ու Հայկոյի համագործակցությունը սկսվել է ավելի ուշ, քան ընկերությունը՝ «Ես քեզ սիրահարվել եմ» երգով։  

Ավետ Բարսեղյանը եւ Ավետ Բարսեղյանը


«Ես այն երջանիկ մարդկանցից եմ, որ աշխատել է իր հետ։ Վերջին մի քանի երգերը նա ստեղծել է Րաֆֆի Ալթունյանի հետ, ու էնքան նախանձով էի լցվել։ Զանգեցի, իրար հետ ստուդիայում էին, ասացի՝ «Տղա ջան, ես 10 տարի պայքարել եմ, Վարդան Զադոյանի ձեռքից առել եմ, քեզ չեմ տա, ուզում ես՝ ուրիշ մի քանի երգիչ տամ»։ Մինչեւ օրս ականջիս է Հայկոյի բարձր ու վարակիչ ծիծաղը։ Դե, դա մասնագիտական նախանձ էր, ինչ էր, չգիտեմ։ Ուղղակի չես ուզում այդ մարդու երաժշտությունն այլ մարդու հետ կիսել։ Ախր, կորուստները մի քանի շերտ ունեն՝ մարդ, երաժիշտ, ընկեր, քաղաքի գույն»։

Սիրո ճամփով դեպի վերեւ

Ավետին ասում եմ՝ գիտե՞ս, Սյուզան Մարգարյանն ասել է, որ «Վերեւ» երգը հիմա այլ կերպ է զգում, անգամ զանգել ու քեզ ասել է, թե այս ինչ եք գրել... Ժպտում է ու պատմում, որ «Վերեւը» պարզապես պատվեր է եղել։ Մի զույգի սիրո պատմությունն է։ Ու այդ երգն առաջին անգամ հնչել է իրենց հարսանիքի օրը, որն էլ համընկել է Հայկոյի ու իր դստեր՝ Լուսեի ծննդյան օրվա հետ՝ օգոստոսի 25-ին։

Ավետ Բարսեղյանը


«Ճիշտ է՝ երգը գրվեց այդ ընտանիքի պատվերով, բայց շնորհակալ եմ, որ այն միայն իրենց չմնաց։ Դադարեց այլեւս իրենցը լինել։ Գիտե՞ս, այս պահին խոսում եմ քեզ հետ ու էնքան կուզեի, որ բոլոր տաղանդավոր մարդիկ կենդանության օրոք վայելեին սերը, ոչ թե «գնա մեռի, արի սիրեմը»։ Այդ արտահայտությունը ո՜նց եմ ուզում հանել  հասարակությունից»։

Կարոտ, որ չես փոխանցի բառերով

«Իր տեսակն եմ կարոտում, հետո նոր երաժշտությունը։ Հիմա վերքերը դեռ տաք են, դեռ չես հասկանում, թե քեզ հետ ինչ է կատարվում։ Դեռ չեմ հասել այն հատվածին, որ էլ երաժշտություն չի գրելու, ու ես այլեւս բառեր չեմ գրելու։ Բայց որ հասնեմ, հաստատ մղկտալու եմ։ Հիմա իր քաղաքային կերպարն ու քաղցր խոսքն եմ կարոտում»։

Ավետ Բարսեղյանը


Ներս չթողեցին...

«Հայկոյի հետ շատ հեշտ էր աշխատել։ Իր դասական կերպարի մեջ՝ առօրեական ու ավանցի Հայկոն էր։ Որ ասեմ՝ մենք ժուժուներով էինք նստում ու փետուրներով մեզ շրջապատում, կամ ինչ-որ միջավայր ստեղծում՝ չէ՜։ Երեւանյան համով-հոտով զրույցներով էր երգը ծնվում. «Սիրում եմ», «Վերեւ», «Սիրո արեւ», «Ամենա»՝ վերջին սիրերգերի հեղինակը ես եմ։ Երաժշտությունն ուղարկում էր ու գրում՝ «Ապեր, մի հատ էն քո ձեւերով գտիր էլի, դու գիտես»։

Երբ պառկած էր, տնիցս սրբապատկերը վերցրի, Կարեն Սեւակին խնդրեցի՝ միասին գնանք հիվանդանոց։ Իհարկե, մեզ ներս չթողեցին... Բայց գիտես, պատկեր կա, որ չես ուզում տեսնել։ Ես Հայկոյին չէի ուզում այդ վիճակով տեսնել։ Ես ուզում էի իրեն այդ կերպ չհիշել»։

Ավետ Բարսեղյանը


Եվ նոտաները որբացան

«Այո, նոտաները որբացան։ Գոյություն ունի նոտաների կյանք, իսկ Գրիգորիչի  մատների հպումը ստեղները չեն ստանալու ու որբ են զգալու։

Գրիգորիչը գուրու էր։ Ինձ համար կյանքի փիլիսոփայության, միջանձնային փոխհարաբերությունների կորուստ է։ Ուզում եմ հասկանալ վերեւում ինչ-որ բա՞ն է կատարվում, շատ շտապ լավ կոմպոզիտորներ ու հրաշալի մարդի՞կ են պետք։  Ինչո՞ւ են իրար հերթ չտալով գնում։ Իմ եւ Գրիգորիչի փոխհարաբերությունները ուսուցիչ-աշակերտ հարաբերություններից ձգվում էին մինչեւ ընկերներ։

Ավետ Բարսեղյանը


Մի երգ էր լսել՝ «է»-ի փոխարեն «ա»-երով վերջացող։ Մի ժամ բողոքեց, ինչ ասես ասաց երգ գրողին՝ ո՞նց կարելի է նման երգ գրել, եւ այլն։ Լուռ լսում էի, հենց խոսքն ավարտեց, շատ արագ իրերս հավաքեցի ու դռան մոտից ասացի՝ «Գրիգորիչ, ես էի գրել» ու թռա, որ չլսեմ բարձր տոնայնությամբ խոսքերը։ Չասեմ, թե ինչ խոսքեր (ժպտում է,-հեղ.):

Վերջին օրերին չէր կարողանում խոսել։ Բայց մենք աչքերով, ժեստերով շատ լավ հասկանում էինք։ Ու մենք միշտ ենք խոսել մնջախաղի լեզվով։ Ա՜յ, հիմա խոսում եմ ու աչքիս առաջ հետեւյալ տեսարանն է՝ դիվանին նստած, մատը բարձր պահած ու այդ պահի հայացքը... ու այնպիսի հայացք, որի հետ տվյալ պահին համաձայն չեմ։ Եթե ես հետ եմ նայում, բացի ուրախ պահերից, ամենից շատ կառուցողական վեճերն  եմ կարոտում՝ կենցաղայինից մինչեւ մասնագիտական։ Մենք քննություն հանձնող մարդիկ էինք, ու այսօր այդ քննություն վերցնողը չկա»։

«Գրիգորիչը մեզ ավելի լավ էր ճանաչում, քան՝ ինքներս մեզ»

«Ինքն ավելի շատ հավատում էր իմ բանաստեղծական, քան՝ երգ գրող տեսակին։ Նա իր բրենդային ձայնով ու ժեստիկուլյացիայով ասում էր.«Ես ձեզ ավելի լավ գիտեմ, քան՝ դուք ձեզ»։

Ավետ Բարսեղյանը


Արցախն իրենով չճանաչեցի, բայց շարունակվեց իր հետ։ Մեր համագործակցության հիմքում «Կյանք ու կռիվն» էլ դարձավ Գրիգորիչին ճանապարհելու երգը։ Վերջերս, որ գնաց Արցախ, մինչեւ մեկնելն ասացի՝ «Դե, Շուշին դուրս եկավ երգացանկից», զարմացավ, նայեց դեմքիս, ասաց.«Լսիր, բայց այդ հաղթանակը  եղել է, մենք պիտի երգենք»։

Գիտես, գուցե զարմանալի բան եմ ասում, ոչ մեկիս մեջ չի թուլացել այն զգացողությունը, որ Գրիգորիչը նստած է Երգի թատրոնի բազմոցին, կա մի վեհ բան, որ Գրիգորիչը չի կարող մահացած լինել։ Հենց այդ ներշնչանքով էլ գրեցի` «Արարողները մահ չունեն»։ Այն բուժեց իմ ամենակարեւոր վերքը, քանի որ իմ բոլոր հեռացած ընկերները՝ Թութուշը, Հայկոն, Գրիգորիչը, արարողներ են»։

Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW