×


Ինչու «Հայրիկ» ֆիլմի Ռուբիկը չընդունեց Հենրիկ Մալյանի երկրորդ առաջարկը

«Հայրի՜կ, հայրի՜կ, պապը եկել է»,- հորը՝ Մհեր Մկրտչյանին, տուն է կանչում փոքրիկ Ռուբիկը։ Հիշո՞ւմ եք՝ հենց այս դրվագով է սկսվում Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմը։ Ռուբիկը ֆիլմում շինարար Հովսեփի մեծ ընտանիքի ամենակրտսեր անդամն է, որը սիրում է հարցեր տալ ընտանեկան բարդ հարաբերությունների մասին։ Ֆիլմի էկրանավորումից 50 տարի անց հանդիպելով Ռուբիկին՝ Աշոտ Նիկողոսյանին, ես էլ առաջին հերթին հետաքրքրվեցի՝ «Հայրի՛կ, ե՞ս էլ եմ իմ ուրիշ ընտանիքն ունենալու» իր հայտնի հարցի պատասխանը որն է։

Աշոտը միակն էր, որի համար դուբլ չի արվել

«Իմ մասնակցությամբ ամենահուզիչ տեսարանը, կարծում եմ, այն է, երբ Ֆրունզիկը քնած է, եւ ես լացում, ասում եմ՝ «Ինչո՞ւ ես բոլորին նեղացնում»։ Ես՝ էդ տարիքի երեխա, պետք է կադրում լաց լինեի, իսկ դա էդքան էլ հեշտ չէր»,- ասում է արդեն 58-ամյա Աշոտ Նիկողոսյանը։

Թեեւ ֆիլմի նկարահանումներից անցել է կես դար, բայց աշխատանքային ամեն մի մանրուք հստակ հիշում է. ով կար այդ պահին նկարահանման հրապարակում, ինչ հրահանգներ էր տալիս ռեժիսոր Հենրիկ Մալյանը։

 

«Չէի պատրաստվում տանը։ Մինչեւ նկարահանումն ինձ բացատրում էր՝ «Բալա՛ ջան, սենց պիտի անես, նենց պիտի անես»։ Համ էլ ո՞ւր էր էդքան տեքստ, որ մի հատ էլ անգիր անեի. մի քանի նախադասություն էր էլի։ Մալյանն ասել է ծնողներիս, որ Աշոտը միակն էր, որի համար որեւէ տեսարանի կրկնակի նկարահանում(դուբլ) չի արվել»,- նշում է զրուցակիցս։ 

Նկարահանման հրապարակում հայտնվել էր, կարելի է ասել, բակից. Մհեր Մկրտչյանի մանկության ընկերը՝ Ժորա Հարությունյանը, իրենց շենքում էր ապրում, տեսնելով աշխույժ տղային՝ առաջարկել էր, այսօրվա տերմինաբանությամբ, մասնակցել քասթինգի, որին հավաքվել էին բավական շատ երեխաներ։ Ֆիլմի նկարահանումները տեւել էին ութ ամիս՝ Երեւանում եւ Մոսկվայում։


«Երկուսուկես ամիս Մոսկվայում ենք ապրել, որովհետեւ տաղավարային նկարահանումները հիմնականում այնտեղ էին։ Ու մենք ամբողջ խմբով ուտուշ-խմուշների մեջ էինք, Ֆրունզիկն էր երգում... Ես մինչեւ հիմա էդպիսի երգիչ չգիտեմ»,- վերհիշում է Մհեր Մկչրտչյանի կրտսեր խաղընկերը։ Աշոտ Նիկողոսյանն ասում է, որ «Մոսֆիլմի» նկարահանման ստուդիան 7-ամյա երեխայի համար հսկայական քաղաք էր, որտեղ ամեն ինչ՝ կենդանիների անկյունից մինչեւ ճաշարան, հետաքրքիր էր։ Ի դեպ, ճաշելու դրվագի հետ կապված հետաքրքիր պատմություն կա։ Պարզվում է՝ այդ տեսարանի համար դուբլերն այնքան են կրկնվել, որ ճաշը վերջացել է, ստիպված են եղել պարզապես եռման ջուր ուտել։

Ֆրունզիկի «հայրական» սերը

Աշոտ Նիկողոսյանի համար ֆիլմի հիշողությունները թանկ են առաջին հերթին մարդկանց շնորհիվ։ Ամենաջերմը Մհեր Մկրտչյանի մասին է խոսում. «Ֆրունզիկն ինձ շատ էր սիրում, ու դա փոխադարձ էր, իհարկե։ Այդ շրջանում ինքը մամային ասել էր, որ ինձ էնքան է սիրում, որ Դոնարային համոզել է՝ մի տղա ունենան։ Այ էդպիսի կապ էր»։


Զրուցակիցս վստահ է, որ եթե Մհեր Մկրտչյանը լիներ մեծ ազգի զավակ, աշխարհն ավելի բաց լիներ, նրան կճանաչեին Խորհրդային Միության սահմաններից դուրս։ Աշոտ Նիկողոսյանը յուրահատուկ վերաբերմունք ունի նաեւ ռեժիսորի նկատմամբ. «Մալյանն ու Ֆրունզիկն այնքան ուժեղ էին, որ կարծես մյուսներին խամրեցնեին»։ Նրա խոսքով՝ քչերը գիտեն, որ Մալյանը էքստրասենսի հատկություններ ուներ։ Ջերմ ժպիտով հիշում է նաեւ Ազատ Շերենցին, որի հետ նկարահանող խումբը շատ էր սիրում կատակներ անել։

Նախկին խաղընկերների հետ կապ, ցավոք, Աշոտ Նիկողոսյանը չի պահել, թեեւ շատ կուզեր, որ ֆիլմի 50-ամյակը նշվեր, հավաքվեին, տեսնեին՝ ով կա, ինչպես են ճակատագրերը դասավորվել։ Մի անգամ պատահաբար փողոցում հանդիպել է Շաքե Թուխմանյանին։ «Ասացի՝ Դուք Թուխմանյան Շաքեն եք, չէ՞, պատասխանեց՝ այո՛, ասացի՝ ես էլ Աշոտն եմ։ Նայեց, նայեց, մեկ էլ ճչաց ու փաթաթվեց»,- պատմում է նա։

Դերասանի քրտնաջան աշխատանքը

«Իհարկե, լավագույն ֆիլմերից չէ, բայց ամեն տարիքում նայելիս ինչ-որ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Բացի այդ, նաեւ կան հիշողություններ՝ Սովետ էր, մարդկանց սառնարանները լիքն էին, հարաբերությունները շատ ավելի սուրբ էին։ Հենրիկ Մալյանն էլ էնքան բարձր էր, որ հրամցնում էր էդ համուհոտը, ինքն իր էպոխայի համար սիրուն ֆիլմ է»,- ասում է «մեծ» Ռուբիկը։ Հարցնում եմ՝ իր խաղը հավանո՞ւմ է. «Քանի որ դա զուտ երեխայական խաղ էր, այո՛, մաքրությունը կա, անբռնազբոսությունը կա, արհեստական չի, շինծու չի»։


Այդուհանդերձ, չի ափսոսում, որ դերասան չի դարձել, ավելին՝ դեռ այն ժամանակ գիտեր, որ դա իրենը չի։ «Տարբեր տարիքներ մարդուն տարբեր հոգեվիճակներ են բերում։ Եղավ շրջան, որ ես ավելի ժիր էի ու չէի ուզում ուրիշների ասածով ապրել, թեկուզ, եթե դա ռեժիսորն է։ Երբ ես 10-րդ դասարանում էի, Հենրիկ Մալյանը դրսում հանդիպել էր հորս, ասել էր՝ խումբ է հավաքում Մանկավարժական ինստիտուտում՝ համոզված լինելով, որ կգնամ։ Պապան ասել էր, որ Աշոտն ուզում է ժողինստիտուտ ընդունվել, Մալյանը նեղացել, գնացել էր։ Չգիտեմ ինչու՝ չդարձա դերասան, չձգեց»,- կարծում է զրուցակիցս։

Աշոտ Նիկողոսյանն ասում է, որ ֆիլմից հետո ինքը, թեեւ փոքր էր, բայց բոլորովին չէր մեծամտացել, ավելին՝ հավելյալ ուշադրությունն իր բացասական կողմն ուներ. «Տեսեք, ինչպես շատերը չեն հասկանում, որ պատերազմը լուրջ ֆիզիկական աշխատանք է, չեն պատկերացնում նաեւ, որ դերասանի կյանքն էլ քրտնաջան աշխատանք է, այսինքն՝ էկրանային մարդ լինելը պետք է միջիցդ լինի»։ «Հայրիկ» ֆիլմից բացի, եւս մեկ դեր խաղացել է 1973-ին, հեռուստատեսային ներկայացումը կոչվում էր «Կարմիր գլխաշորով իմ բարդի»։


«Հայրիկ»-ի թերեւս միակ «հետքը» նրա կյանքում ֆիլմում հնչեցրած հարցի պատասխանն է. փոքրիկ Ռուբիկը ունեցավ իր ուրիշ ընտանիքը. երկու տղաների հայր է։

Նկարահանման հրապարակից մինչեւ հավաքածուներ

Աշոտ Նիկողոսյանը տնտեսագետ է, բայց իր մասնագիտությամբ երբեք չի աշխատել։ Ինչպես ինքն է բնորոշում, ամեն ինչով զբաղվել է հանապազօրյա հաց վաստակելու համար։ Ուսանողական տարիներից տարվել է հնագիտությամբ, որը, կարելի է ասել, դարձել է երկրորդ մասնագիտություն։

«Ունեմ նկարների, սրբապատկերների եւ խաչերի մեծ հավաքածու։ Հնագիտության նկատմամբ հետաքրքրություն ունեի 2-3-րդ կուրսից, հետո կամաց-կամաց խորացավ, սկսեցի գրականություն ուսումնասիրել, շփումներ ունեցա։ Հիմնականում հետաքրքրվում եմ բրոնզի դարի արտեֆակտերով»,- նշում է զրուցակիցս։


Աշոտ Նիկողոսյանը փորձում է հավաքել Հայաստանի հարուստ պատմության մասնիկները եւ թույլ չտալ, որ դրանք արտահանվեն. «Հասկացա, որ Հայաստանը աշխարհի զարգացման պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի, եւ մեր հնածոները կոպեկներով տանում են դուրս։ Իմ նպատակն այն է, որ մեր գտածոները դուրս չգնան։ Ես հիմնականում ձեռք եմ բերում այն, ինչ արդեն վաճառվում է շուկայում։ Ֆինանսական շատ ծանր վիճակներում եմ եղել, շատ առաջարկներ են եղել, բայց, բարեբախտաբար, դիմանում եմ, ոչ մի բան չեմ վաճառել»։

Անահիտ Փիլոսյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW