×


Վենսան Կասելի ու Թինա Կունակիի արտառոց սերն ու յուրահատուկ ֆոտոշարքերը

2013 թվականի օգոստոսին Վենսան Կասելն ու Մոնիկա Բելուչին ամուսնալուծվեցին: Դրանից 2 տարի անց դերասանը հանդիպեց Թինա Կունակիին ու 2018-ին ամուսնացավ 2-րդ անգամ:

Տարիքային հսկայական տարբերությունը՝ 30 տարի, չխանգարեց նրանց սիրել իրար ու դառնալ ամենագեղեցիկ ու նորաձեւ զույգերից մեկը:

Ծանոթությունը

Վենսանը միշտ սիրել է իրենից տարիքով մեծ կանանց: «Այդ անհարմար պահը» ֆիլմում նրա մարմնավորած 45-ամյա հերոսը սիրահարվում է 17-ամյա աղջկա: Վենսանն իսկապես չէր հասկանում, թե դա ինչպես է հնարավոր: Սակայն հենց ինքն էլ ընկավ նույն թակարդը: 2015-ին ծանոթացավ 18-ամյա սկսնակ մոդել Թինա Կունակիի հետ: Նրանք առաջին անգամ հանդիպել են Իբիցայում, որտեղ երկուսն էլ կարճատեւ հանգիստ էին վայելում:


Թինայի ուշադրությունը միանգամից է գրավել սերֆի վրա հիանալի հնարքներ անող սպիտակ մազերով տղամարդը, որին նա չէր ճանաչում: Թինան փոքր տարիքում զբաղվել է լողով ու երազել Օլիմպիական չեմպիոն դառնալ, բայց վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել սպորտը: Այդ պահից սկսած՝ դադարել է երկարաժամկետ պլաններ կազմել՝ ապրելով այս օրով ու պատկերացում չունենալով, թե վաղը որտեղ կհայտնվի: Հենց այդպես պատահական էլ հայտնվել է Իբիցայում՝ պլանավորած Փարիզի փոխարեն:

«Մեծացել եմ գյուղում, հեռուստացույց չունեինք ու կինո էլ չէինք գնում: Իմ բոլոր հետաքրքրությունները սահմանափակվում էին ֆուտբոլով ու դպրոցով: Մինչ մեր հանդիպումը ոչինչ չէի էլ լսել Վենսան Կասել դերասանի մասին, մինչեւ այն պահը, երբ նրա շուրջը նկատեցի պապարացիների»,- պատմել է Թինան:

Մինչդեռ Վենսանը նրան ուշադրություն է դարձրել միանգամից. բարում դերասանին անտարբեր չի թողել վարակիչ ժպիտ ունեցող Թինան, որն իր շուրջն էր հավաքել բոլոր հմայիչ տղամարդկանց:

View this post on Instagram

A post shared by tina kunakey (@tinakunakey)




Ընդհանուր ծանոթի շնորհիվ սկսել են խոսել, ու Թինան խնդրել է իրեն էլ սովորեցնել կանգնել սերֆի վրա: Վենսանը հանդիպում է նշանակել հաջորդ առավոտյան:

Սերը

Նրանք մի քանի ալիք են ենթարկել իրենց ու որոշել միասին զբոսնել: Թինային դուր էին գալիս Վենսանի պատմությունները կյանքի ու նկարահանումների մասին, իսկ նա մեծ սիրով վարակվում էր աղջկա անմիջականությամբ, էներգիայով ու անհոգությամբ:

Սկսել են ամեն օր հանդիպել, փորձում էին այնպիսի վայրերում լինել, որտեղ լուսանկարիչները նրանց չեն գտնի: Կասելի վերաբերմունքը մոդելների նկատմամբ սկսել է աստիճանաբար փոխվել: Նրան էլ չէին նյարդայնացնում Կունակիի անդադար սելֆիները, թեթեւ զրույցներն ու նախընտրած ֆիլմերը: Թինան էլ ուշադրություն չի դարձրել, որ Վենսանն անգամ իր հորից է մեծ, նրանք պարզապես միասին իրենց լավ էին զգում: Հենց մոդելի շնորհիվ Կասելն էջ բացեց Ինստագրամում ու սովորեց այն վարել:



Աստիճանաբար դերասանը նկատեց, որ իրեն դուր չի գալիս, թե ինչպես են այլ տղամարդիկ նայում Թինային ու սկսեց խանդել: Այդպես էլ այդ հարաբերությունները վերածվեցին սիրավեպի, որոնք սկզբում տարածության վրա էին: Վենսանը վերադարձավ Բրազիլիա, որտեղ մի քանի տարի է՝ ապրում էր, իսկ Թինան ծնողների մոտ՝ Բիարից: Մի քանի ամիս անց Թինան պնդեց, որ Վենսանը ծանոթանա իր եղբայրների հետ: Սկզբում նրանք մտավախություն ունեին, բայց նույնպես հավանեցին դերասանին:

2016-ին զույգն արդեն չէր թաքցնում, որ հանդիպում է, իսկ տարեվերջին միասին միջոցառման ներկա եղան: Նրանք այցելեցին Victoria’s Secret-ի շոուն: Միայն Կասելի կողքին հայտնվելն էլ բավական էր, որ Թինան նկարահանվի բազմաթիվ բրենդների գովազդներում:


Որոշ ժամանակ սիրահարներն ապրում էին Բրազիլիայում, քանի որ դերասանը պաշտում է այդ երկիրը, սակայն հանուն սիրելիի համաձայնեց վերադառնալ Ֆրանսիա:

Ամուսնությունը

2018-ի Ամանորը նրանք միասին դիմավորեցին, դրանից հետո ամեն ինչ ավելի լրջացավ: Կասելն ամուսնության առաջարկություն արեց, որին հաջորդեց ճոխ հարսանիքը: Այն տեղի ունեցավ Ֆրանսիայի հարավում գտնվող փոքրիկ Բիդարտ քաղաքում, որտեղ նրանք արդեն տուն էին գնել: Հարսը կրում էր հատուկ իր համար կարված Vera Wong-ի գեղեցիկ զգեստ: Վենսանը սպիտակ կոստյումով էր:

Իրենց հարսանիքի մանրամասները գաղտնի չպահեցին, դրա շնորհիվ էլ բազմաթիվ կադրեր կան, որոնցում երջանիկ տեսք ունեն ու վայելում են իրենց յուրահատուկ օրը:


«Սիրահարված եմ ու համոզված, որ շատ երեխաներ կունենանք»,- խոստովանեց դերասանը: Քչերն էին հավատում, որ Թինան կթողնի կարիերան ու երեխա կունենա, բայց սխալվում էին: Հարսանիքից հետո նորապսակներից որոշ ժամանակ լուրեր ու հրապարակումներ չկային, շուտով պարզվեց, որ մոդելը հղի է:

Հարսանիքից 8 ամիս անց՝ 2019 թվականի ապրիլին, ծնվեց նրանց դուստրը՝ Ամազոնիան: Վենսանը 2 դուստր էլ ունի Մոնիկա Բելուչիից՝ Դեւան ու Լեոնին: Նրանք հաճախ են հայրիկի նոր ընտանիքի հետ ժամանակ անցկացնում: Վերջերս Դեւան ներկա էր Թինայի ծննդյան տարեդարձին:

Գեղեցիկ ֆոտոշարքերն ու զրույցը

Թինան ու Վենսանն արտաքուստ բավական տարբեր են, բայց դա էլ նրանց զույգն այդքան յուրահատուկ է դարձնում: Նրանք հիանալի են նայվում բոլոր համատեղ ֆոտոշարքերում ու ընտանեկան լուսանկարներում, ոճի ու սերը չթաքցնելու իսկական օրինակ են:


Միասին նաեւ հարցազրույցներ են ունենում, ընտրել ենք այդպիսի զրույցից մի հատված:

- Միմյանց ո՞ր որակներն եք հատկապես գնահատում:

Վենսան. Թինան խելացի է, համարձակ, առատաձեռն, նրա համար անհնարին ոչինչ չկա:

Թինա. Նա ամենազոր է, գեղեցիկ ու… մնացածը կլռեմ:

- Ձեր հարաբերությունները մեկ բառով ինչպե՞ս կբնորոշեք:

Վենսան. Բացառիկ:

Թինա. Յուրահատուկ:


- Ձեզ օրինակելի զույգ համարո՞ւմ եք:

Վենսան. Նայած, թե ինչն ենք համարում օրինակելի: Կանք մենք, ինչպիսին տեսնում են մարդիկ, ու կա իրականությունը: Ինքներս ենք որոշում, թե մեր կյանքի որ կողմը ցույց տանք ու ինչպես: Այլ բան է, որ Թինան նկարվել շատ է սիրում ու հաճախ է կիսվում դրանցով:

- Ի՞նչն է ձեզ համար կարեւոր սեփական ոճում:

Վենսան. Ինձ համար կարեւոր է, թե ինչպես է հագուստն ընդգծում իմ աշխարհընկալումը, թե որքան է այն հարմարավետ, ու թե ինչ եմ զգում, այն կրելիս: Միեւնույն հագուստը տարբեր մարդկանց վրա լրիվ այլ տեսք ունի, քանի որ նրանք յուրովի են այն մատուցում: Հարցը միայն հագուստը չէ, կարեւորը դուք եք:

Թինա. Ինձ համար հագուստն ինքնարտահայտվելու ձեւ է: Եթե ասեին հագուստի պարագաներից միայն մեկը թողնել զգեստապահարանում, կընտրեի լողազգեստը:


- Ինչպե՞ս եք միասին աշխատում նկարահանվելիս:

Վենսան. Հիանալի, չէ՞ որ մենք պրոֆեսիոնալներ ենք:

Թինա.Դե, երբեմն կարող ենք նաեւ վիճել: Բայց իրականում շատ հաճելի է զույգով նկարվել քո իրական զույգի հետ:

- Համատեղ ի՞նչ երազանք ունեք:

Վենսան. Այն արդեն իրականացել է: Մեր դուստրն է, իսկ թե ինչ կլինի հետագայում, դեռ կտեսնենք:

-Ի՞նչ է ձեզ համար սեքսուալությունը:

Թինա. Ես չեմ փնտրում սեքսուալ մարդկանց դրսում: Ամենագրավիչ մարդն ամեն երեկո ինձ հետ նույն անկողնում է:

Վենսան. Սեքսուալ մարդը պետք է վստահ լինի, բայց իր մեջ թեթեւ կասկածի նրբերանգ ունենա:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW