×


«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին

BRAVO.am-ի նոր շարքը ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:  

- Այնքան բաց մարդ եմ, դժվար է պատասխանել (ծիծաղում է,-հեղ.): Բայց քչերը գիտեն, որ ներաշխարհով շատ տխուր եմ, շատ եմ սիրում ուտել (ծիծաղում է,-հեղ.), մանավանդ՝ քաղցրավենիք, ու ընդհանրապես չեմ սիրում սպորտով զբաղվել, մի կերպ եմ ինձ տանում մարզադահլիճ:

- Երգչուհի լինելու 3 առավելություն:

- Շփումը տարբեր մարդկանց հետ, հնարավորությունը զգալու եւ վայելելու բեմի էներգիան, մասնագիտության շնորհիվ ճանապարհորդում եմ ու աշխարհ տեսնում:

- Ձեր կատարմամբ ամենասիրելի 3 երգերը:

- «Ես գնում եմ, սիրելիս», «Երբեք չես իմանա», «Իմ անունն է սեր»: Այդ երգերը շատ հոգեհարազատ են ու ավելի մեծ սիրով եմ կատարում:



- Ձեզ վրա ազդեցություն թողած արվեստագետները:

- Դեռ երաժշտական դպրոցում սովորելու տարիներից Յոհան Սեբաստիան Բախն է ազդել, իսկ Լինդան ինձ շատ է ոգեշնչել կարիերայիս սկզբում: Դերասաններից կնշեմ Ալ Պաչինոյին, Ռոբերտ դե Նիրոյին ու Մոնիկա Բելուչիին:

- Մայրիկ լինելու ամենահաճելի կողմերը:

- Մայրության ամենադրական կողմն այն է, որ հոգեպես ես մեծանում ու իմաստնանում: Այն կանանցից եմ, որ մինչեւ չմայրացա, չմեծացա ու ինքս ինձ ճանաչելու ունակություն ձեռք չբերեցի: Շատ նոր ու լավ բաներ իմացա իմ մասին, որոնց մասին պատկերացում էլ չունեի (ծիծաղում է,-հեղ.): Խոսքերով անհնար է փոխանցել այն քաղցր պահերը, որ միասին եք անցկացնում: Երեխաների նկատմամբ ունեցածդ սերը երբեք չես կարող չափել՝ անսահման է: Համոզվել եմ, որ մայրը միայն երեխային կարող է այդպես սիրել, ուրիշ էլ ոչ մեկին: Այդ լույսն անսպառ է ու միշտ կա: Չեմ ուզում հասարակ հնչի, բայց երեխաների շնորհիվ միայնակ չես զգում ու քեզ շարունակող ունես:



- Իսկ մի քիչ հոգնեցնողները:

- Շատ կան, քանի որ երեխաներս փոքր են՝ աղջիկս 6 տարեկան է, տղաս՝ 3, ու դեռ ավելի շատ էներգիա տանում են, քան տալիս: Ամենադժվարն ինձ համար այն է, որ լինելով արվեստի մարդ, իմ աշխատանքով զբաղվելու քիչ ժամանակ ունեմ՝ ներուժ կա, բայց ժամանակը չի բավականացնում: Անընդհատ լարված եմ, որովհետեւ երեխաներս ակտիվ են, չեմ կարող նրանց թողնել ու հաճախ բացակայել: 100-ի հասնող սանդղակում աշխատանքով կարողանում եմ զբաղվել միայն 20-ով, մնացած 80-ը նրանց եմ տրամադրում: Մի քիչ ուշ երեխաներ ունեցա, բոլոր ընկերներս, որոնք ժամանակին են ծնողներ դարձել, արդեն իրենց կյանքով են ապրում, իսկ երեխաները՝ դպրոցում կամ համալսարանում սովորում, ոմանք նույնիսկ շուտով տատիկ են դառնալու: Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ամեն առումով կյանքս էի վայելում:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են տպավորել Ձեզ:

- «Ավատար» ու «Ֆրիդա» ֆիլմերն են ինձ վրա մեծ ազդեցություն թողել, իսկ գրքերից՝ Կոելիոյի «Ալքիմիկոսը»:

Հասմիկ Կարապետյանը


- 3 բան, որոնցից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Հրաժարման փուլում եմ ամեն ինչ սրտին մոտ ընդունելուց: Հրաժեշտ եմ տվել չափից շատ ինքնաքննադատությանը, բարձրացրել եմ ինքնագնահատականս, սկսել եմ ասել այն, ինչ մտածում եմ, ու անել այնպես, ինչպես ես եմ ուզում:

- 3 կարեւոր բառ:

- Սեր, ընտանիք, հոգու թռիչք:

- 3 ոգեշնչող հանգամանք:

- Սիրված աշխատանքը, ստեղծագործելը, սիրահարված լինելը:

- Այս տարվա լավագույն պահի կադրը:

- Կառանձնացնեմ բեմում իմ բենդի հետ լուսանկարը: Ամեն ինչից շատ այնտեղ եմ ինձ լավ զգում, բեմն իմ տարերքն ու աշխարհն է:



- Առաջինն ի՞նչ կասեն մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Միշտ լսել եմ ու իմացել, որ մարդիկ ասել են. «Հասմիկը լուսավոր է»:

- Վերջին շրջանում ինչի՞ց եք ամենաշատը տպավորվել:

- Տպավորված եմ պատերազմում զոհված տղաների մայրերով, որոնց թվում է նաեւ իմ մտերիմ ընկերուհին: Այնքան հուզված եմ, որ նրանք անկախ ամեն ինչից շարունակեցին ապրել: Այնքան ուժեղ են, նրանք ինձ հիացնում են, հատկապես՝ ընկերուհիս:

- Առանց ինչի՞ չեք կարող:

- Սիրո ու բեմի (ծիծաղում է,-հեղ.):

Հասմիկ Կարապետյանը


- Ի՞նչն է տխրեցնում:

- Ինձ միշտ տխրեցրել է անարդարությունը:

- Արցունքներ բերում:

- Պատճառները բավական տարբեր են, նույնիսկ կարող եմ ուրախությունից արտասվել: Բայց առհասարակ արտասվում եմ տխուր բաներ հիշելիս, երգեր լսելիս, որոնք հիշողություններ են արթնացնում ու, բնականաբար, ուրիշի ցավից:

- Ի՞նչ կա 2023-ին Ձեր անպայման անելու ցանկում:

- Շատ եմ ուզում ու ամեն ինչ պիտի անեմ, որ նոր տեսահոլովակ ունենամ գեղեցիկ երգով, տարբերվող ու անճանաչելի ոճով:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Կարապետյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW