×


Անահիտ Վասիլյան. «Սովորելիս պարողներին շատ են կոտրում, դիմանալու համար համառություն է պետք»

Օպերայի եւ բալետի թատրոնի պարուհի Անահիտ Վասիլյանի հետ զրուցելը բեմում նրա ճախրանքի պես թեթեւ ու գեղեցիկ էր: Որպեսզի տպավորիչ կադրեր ստանանք, չհրաժարվեց դուրս գալ բակ ու բազմաթիվ զարմացած հայացքների ուղեկցությամբ կանգնել տեսախցիկի առաջ: BRAVO.am-ի համար զրուցեցինք փորձասենյակում ու ծանոթացանք մի քիչ ամաչկոտ, նուրբ ու պայծառ Վասիլյանի հետ:

- Անահիտ, ինչպե՞ս է սովորաբար անցնում բալետի պարուհու օրը:

- Առավոտյան դասական պարի դաս ունենք, որի շնորհիվ մարզվում ենք, ինչից հետո ներկայացումների փորձերն են: Ամենահագեցածը նոր դերին պատրաստվելու ընթացքն է. դահլիճից դուրս չես գալիս եւ ամենաուշն ես հեռանում: Փոխարենը ներկայացման օրերին ենք ավելի ուշ գալիս, մեկ ժամանոց դաս անում ու բեմ դուրս գալիս:

- Ինչքա՞ն ժամանակ է պետք նոր դերը լիովին ստանալու համար:

- Մեկ ամիսը բավական է, բայց լիովին պատրաստ լինելու համար գոնե 2 ամիս է պետք: Այնպես է եղել, որ անգամ 2 շաբաթում եմ հասցրել նոր դեր ստանալ: Պարուհիներից մեկը վնասվածք ուներ, եւ նրան Ֆրիգիայի դերում փոխարինեցի «Սպարտակ»-ում: Շատ բարդ էր, որովհետեւ հասուն կերպար է՝ Սպարտակի կինն է, ես էլ դեռ երիտասարդ եմ (ծիծաղում է,-հեղ.): Սովորաբար, նայում եմ տարբեր պարողների կատարումներն ու մտնում դերի մեջ. դա է ինձ շատ օգնում:


- Նիկոլայ Ցիսկարիձեն զրույցներից մեկում ասել է, որ անգամ թշնամուն չի ցանկանա բալետով զբաղվել: Իսկապե՞ս այն այդքան դաժան է:

- (Ծիծաղում է,-հեղ.) Բարդ մասնագիտություն է. ամեն օր դժվար է գալ ու նորից նույնն անել: 2 օր հանգիստ ունեինք, որից հետո ասես զրոյից էր պետք սկսել, նորից մկանները տաքացնել, քանի որ փակվում են: Բայց նպատակներ ունեմ, երազելի դերեր, որոնք էլ ինձ մոտիվացնում են այդ ամենը հաղթահարել:

- Իսկ որո՞նք են այդքան ցանկալի ու ամեն ինչ հաղթահարել օգնող դերերը:

- Երազում եմ Ավրորայի դերի մասին, եթե այստեղ օրերից մի օր բեմադրեն «Քնած գեղեցկուհին»: Էլի կան կերպարներ, բայց ինձ դեռ դրանցում չեն տեսնում: Լիրիկական դերերով եմ հանդես գալիս, բայց ինձ բնավորություն ունեցող կերպարներն են գրավում, որոնք կրակ ունեն իրենց մեջ:

- Ո՞ր արտիստների կատարումներն եք սիրում նայել ու ոգեշնչվել:

- Էգինայի կերպարում Զախարովային եմ հավանում: Շատ ելույթներ եմ նայում ու ամեն անգամ նոր բացահայտումներ անում, թեկուզ սխալներս հասկանում ու աշխատում դրանք ուղղել: Սիրելի ներկայացումները շատ են՝ «Բայադերկա»-ն Նատալյա Օսիպովայի կատարմամբ էներգիայով լի է, «Կարապի լիճ» բալետում Ուլյանա Լոպատկինայի կատարումն եմ շատ հավանում. երկար ու գեղեցիկ ձեռքեր ունի, փորձում եմ նմանակել (ծիծաղում է,-հեղ.):


- Պլիսեցկայային էլ էին ասում պարուհի-ձեռքեր, Ձեր արտահայտչամիջոցներից որո՞նք են վառ ընդգծված ու հատկապես լավ ստացվում:

- Ոտքերիս գեղեցիկ լինելու շնորհիվ եմ առաջ գնում (ժպտում է,-հեղ.), հիմա ձեռքերիս վրա եմ շատ աշխատում, նաեւ փորձում եմ դեմքս արտահայտիչ դարձնել: Ասում են՝ շատ զգացմունքային եմ պարելիս: Լիովին տրվում եմ կերպարին եւ փորձում հանդիսատեսին ցույց տալ հույզերս:

- Ի՞նչ եք փոխարենը վերցնում:

- Ծափահարություններն ամեն ինչ արժեն: Ելույթից հետո քնել չեմ կարողանում, վերապրում եմ պարածս, հիշում սխալներս, ողջ գիշերը մղձավանջների մեջ է անցնում, բայց դա էլ կախած է ներկայացումից: «Չիպոլինո»-ում մագնոլիա եմ, դժվար դեր չի, թեեւ պտույտներով ու թռիչքներով է հագեցած, բայց չեմ հոգնում, պարզապես պետք է ժպտամ ու պարեմ:

- Ի՞նչ է Ձեզ հետ կատարվում ամեն ներկայացումից ու առավել եւս՝ պրեմիերայից առաջ:

- Ամբողջ մարմնով դողում եմ, բայց հենց բեմ եմ մտնում, միանգամից հանգստանում եմ: Պրեմիերային էլ չասեմ, թե ինչ է լինում՝ լարվածություն, պատասխանատվություն, վախ՝ ամեն ինչ խառնվում է իրար: Պետք է կարողանալ այդ ամենը մի կողմ դնել, այլապես ոչինչ չի ստացվի:

- Իսկ բեմը սիրո՞ւմ եք, այն ընկե՞ր է, թե՞ հակառակը:

- Շատ եմ սիրում (ծիծաղում է,-հեղ.): Ընկեր է, բայց ինչպես բացատրեմ, կախված է նրանից, թե ինչպես եմ ես նրան վերաբերվում: Բեմն ուտում է քեզ. փորձերին պետք է աշխատես 150 տոկոսով, որ գոնե 50-ը երեւա: Այն իրոք կլանում է, չգիտեմ ինչից է՝ վառ լույսերից, հանդիսատեսից, կուլիսներից հետեւող աչքերից: Եթե մտածես՝ քանի հոգի է քեզ նայում, չես կարողանա պարել:

- Ձեր մայրիկն է որոշել Ձեզ տանել պարի, Դուք ինչո՞վ էիք ուզում զբաղվել:

- Նկարել եմ շատ սիրում, եւ երբ այստեղ ինչ-որ բան չի ստացվում, նյարդայնանում ու բարկանում եմ ինձ վրա, մտածում եմ. «Պե՞տք էր այս ամենը, կնստեիր տանը, քեզ համար կնկարեիր» (ծիծաղում է,-հեղ.): Մայրս երազել է պարուհի դառնալ, բայց չի ստացվել: Խորհուրդներ է հարցրել ու ինձ 3 տարեկանից տարել ժողովրդական պարերի: Ուսուցիչս՝ Մանվել Կարապետյանը, Վանուշ Խանամիրյանի սանն է եղել, նկատել է տվյալներս ու խորհուրդ տվել ինձ տանել պարարվեստի ուսումնարան: 8 տարեկան էի ու պետք է նախապատրաստական բաժին գնայի, բայց տվյալներիցս շփոթվել են ու ցանկացել 4-րդ դասարան ընդունել, հետո են հասկացել, որ դեռ փոքր եմ (ծիծաղում է,-հեղ.):


- Ե՞րբ սիրեցիք պարն ու հասկացաք՝ Ձեր աշխատանքն է դառնալու:

- Սիրեցի ուսումնարանի 3-րդ կուրսում, երբ մեր փոքր բեմում էինք հանդես գալիս, բայց դպրոցի տարիներն այնքան էլ ուրախ չէին անցնում: Չասեմ՝ նվաստացնում էին, բայց ուսուցիչները շատ խիստ էին ու կոտրում էին մեզ՝ ասելով, որ ինչ-որ մի բան չի սազում, տեսքդ է տգեղ եւ այլն:

- Ինչպե՞ս անցնել այդ ամենի միջով, որ հետագայում հետք չթողնի ու չկոտրվեք:

- Բախտս բերել է, որ իմ ուսուցիչն Էլվիրա Մնացականյանն էր: Խստությունը լավ է, բայց չափի մեջ: Երեխաներին շատ են կոտրում ու վիրավորում «ոչ մի բանի չես հասնի» կամ «քեզնից ի՞նչ դուրս կգա» խոսքերով: Պետք է համառություն ունենաս ու կամքի ուժ, որը թատրոնում եմ ձեռք բերել: Ուսումնարանում ինձ այդքան էլ չեն ճնշել, պարզապես տեսել եմ, թե ընկերներիս հետ ինչպես են վարվում ու ինձ վատ եմ զգացել:

- Իսկ այդ կարեւոր որակներն այստեղ ինչի՞ շնորհիվ եք ձեռք բերել:

- Աշխատելու ու իմ փորձավարի՝ Սոնա Առուստամյանի շնորհիվ. նա ինձ շարժումների այլ ձեւեր է ցույց տվել, որ չեն սովորեցրել: Նրա շնորհիվ եմ հասկացել, որ բալետ պարելն ինչ-որ առումով հեշտ է, պարզապես պետք է ուղեղով աշխատել, ոչ թե ժամերով քեզ անիմաստ տանջել ու ֆիզիկապես հոգնել: Պետք է նաեւ այնքան կայանաս, որ ինքդ քեզ էլ սկսես հավատալ ու հանդիսատեսին ցույց չտաս թուլություններդ:

- Իսկ ինչի ՞շնորհիվ եք 2019-ին հայտնվել Օպերայի եւ բալետի թատրոնում ու ինչպե՞ս այն Ձեզ ընդունեց:

- Շատ լավ է ընդունել (ծիծաղում ենք,-հեղ.): Ուսումնարանի ավարտական համերգին հանձնաժողովի կազմում նաեւ այստեղի ղեկավարությունից կային, 2 հոգու հավանեցին ու կանչեցին թատրոն: Ընկերուհուս հետ պետք է մտնեի թատրոն, բայց նա վատառողջ էր, ու միայնակ մնացի: Մեծ շենք է, մտածում էի՝ կմոլորվեմ, ի՞նչ եմ անելու, ո՞ւմ հետ եմ խոսելու (ծիծաղում է,-հեղ.):

- Խոսենք «Արտավազդ»-ի մասին, Ջեմմա Ադամյանի հետ դարձաք տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի: Զգացվեց, որ անսպասելի էր ու չգիտեիք՝ ինչ եք ասելու:

- Իսկապես անսպասելի էր (ծիծաղում է,-հեղ.): Այդ պահին սեր ու ջերմություն էի զգում, լավագույնն էի դարձել, քանի որ ինձ հավանել էին: Արդեն մոռացել եմ այդ մրցանակի մասին. կարեւոր ու հաճելի մոտիվացիա էր, բայց անհրաժեշտ է առաջ գնալ ու անընդհատ աշխատել:


- Մրցանակը «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի համար էր, որը վերաբեմադրվել է 50 տարի անց: Ինչպե՞ս էր խաղալ Ջուլիետին, որին մինչ Ձեզ մարմնավորել են անթիվ անգամներ:

- Չէի պատկերացնում, որ Ջուլիետ կլինեմ, թեեւ ասում էին, որ համապատասխանում եմ: Փորձերին 4 Ջուլիետ էինք, ու քանի որ ամենափոքրն էի, վերջում էի պարում: Չէի մտածում, որ պրեմիերային ես ելույթ կունենամ, բայց պարզվեց՝ Վինոգրադովն ինձ հավանել էր, թեեւ ցույց չէր տալիս: Երբ հայտնեցին, լարվածությունից դողում էի, չգիտեի ինչ անել՝ պե՞տք է շնորհակալություն հայտնել, թե՞ չէ (ծիծաղում է,-հեղ.):

- Ի՞նչ եք հիշում Վինոգրադովի խոսքերից, բացատրե՞ց, թե ինչու է հենց Ձեզ ընտրել պրեմիերայի համար:

- Վերջին տեսարանը՝ Ռոմեի մահը, չէր բեմադրել ու ցանկացել էր, որ ամեն մեկը խաղա ինչպես կզգա: Մինչեւ վերջին օրը չէր տեսել, թե ինչ ենք անելու: Վերջինը մեր զույգն էր, ու շատ լարված էի: Ինձ Ջուլիետ պատկերացրի՝ ի՞նչ կանեի, եթե 13 տարեկանում սիրած տղային կորցնեի, ու զգացմունքներս ցույց տվեցի բեմում: Նա ծափահարեց եւ ասաց. «Բրավո՜, Անեչկա»: Այնքան լավ էի ինձ զգում այդ պահին: Հենց իր ծննդյան օրն էր պրեմիերան ու միասին տոնեցինք բեմում:

- Սիրեցի՞ք Ջուլիետին ու ի՞նչ սովորեցիք նրանից:

- Շատ սիրեցի, մտել եմ դերի մեջ: Հասկացա, որ իրականում պետք չէ լինել Ջուլիետ՝ այն էլ 13 տարեկանում, ու փախչել սիրած տղայի հետ (ծիծաղում է,-հեղ.):

- Սիրո մասին մյուս ներկայացման՝ «Ձգողականության» մեջ Սեդա եք: Ինչպիսի՞ն էր այն ստանալու ընթացքը:

- Նարինե Գրիգորյանի հետ աշխատելը շատ հետաքրքիր ու բարդ էր, քանի որ դերասանական խաղ էր պահանջում: Սեդային ջրից հանելուց հետո աբեղային նրա տեսիլքն է հայտնվում: Այդ տեսարանում խաղալն ավելի բարդ է, բայց շատ հետաքրքիր, քանի որ դուրս ես գալիս դասականի շրջանակից եւ բեմում անում այն, ինչ զգում ես. լիովին ազատ ենք: «Իջեք, իջեք երազներ»-ի տեսարան կա, որը փշաքաղվելու աստիճան գեղեցիկ է (սկսում ենք թվարկել մեր հավանած հատվածները, որոնց թվում պարտադիր նշում ենք բուրվառների հատվածը, տպավորիչ կույր վանականին եւ Սեդայի ու աբեղայի անհպում պարը,-հեղ.):

- Իսկ նորամուտը թատրոնում ո՞ր դերով է սկսվել:

- «Չիպոլինո»-ում մագնոլիա էի, հետո ավելի բարդ ներկայացում էր՝ «Մարդուկ- ջարդուկ»-ում Մարիի կերպարում էի, ապա «Սպարտակ»-ում՝ Ֆրիգիայի, հետո՝ Ջուլիետի:

- 3 տարում՝ 2020-ը չհաշված, քանի որ ներկայացումներ չկային, 6 կերպար եք մարմնավորել, ինչը բավական լավ է:

- Դե հա, վատ չի (ծիծաղում ենք,-հեղ.): 2022-ին բավական բարդ էր, քանի որ 3 նոր գլխավոր դեր եմ ունեցել: Կերպարներն իրար ընդհանրապես չեն խանգարում, նոր հոգեվիճակ ու շարժումներ են բերում:

- Իսկ ո՞րն է սիրելի դերը, եթե կարելի է նման տարանջատում անել:

- Ժիզելն եմ շատ սիրում, երեւի, միակ ներկայացումն է, որի ժամանակ այնպես եմ լարվում, որ ամբողջ մարմինս դողում է: Բեմում էլ չեմ հանգստանում. դողալով եմ պարում: Դասական ներկայացում է ու բոլոր թատրոններում է բեմադրվում, պետք է կատարյալ պարես:

- Իսկ ի՞նչ պետք է կատարվի, որ Ձեզնից գոհ մնաք:

- Չի լինում, այնքան վատ բնավորություն ունեմ՝ անընդհատ ինձնից դժգոհ եմ, ամենավատ բաներն եմ ասում: Փորձերի ժամանակ հայելիներն են ինձ շեղում. չեմ կարողանում նայել դրանց մեջ ու ընդունել ինձ:


- Հիմա ինչպիսի՞ ստեղծագործական շրջան է:

- Պրեմիերայի ենք պատրաստվում: Միայն կասեմ, որ շատ լավ ու իմ երազանքի դերերից է (ծիծաղում ենք,-հեղ.):

- Ինչպե՞ս է բալետը փոխել Ձեզ ու ի՞նչ որակներ տվել:

- Չեմ կարող ասել, որ ապրում եմ բալետով, պարզապես ամբողջ օրս է անցնում թատրոնում, բայց այս պատերից դուրս պարուհի չեմ: Այստեղ ավելի նյարդային եմ, անհանգիստ, անընդհատ բարկանում եմ ինձ վրա, իսկ դրսում պայծառ եմ եւ ուրախ:

- Չե՞ք փորձել այդ պայծառությունն ու էներգիան դահլիճ էլ բերել:

- Հիմա փորձում եմ, որովհետեւ այդ ամենն ինձ շատ է խանգարում: Պետք է փորձերին էլ դերը զգացմունքային կատարել, որ խաղընկերը հաճույք ստանա ընթացքից, դրա վրա էլ եմ աշխատում:

- Ժեստերը կարո՞ղ են ավելին ասել, քան բառերը:

- Իհարկե: Ջուլիետի դեպքում այդ ժեստերը շատ-շատ են, անընդհատ շարժում եմ ուսերս ու մարմնով արտասվում, ամեն տեսարանից հետո հոգնում եմ:

- Հաճա՞խ է լինում, որ բեմում ինչ-որ բան պլանավորածի պես չլինի՝ հագուստը պատռվի, ընկնեք կամ ծիծաղեք:

- Ամեն ինչ էլ լինում է (ծիծաղում է,-հեղ.): «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի պրեմիերայի օրը պատշգամբի տեսարանի ժամանակ հագուստիս ճարմանդը բացվել էր: Վարագույրը փակվեց, նոր իմացա այդ մասին: Լավ է, որ պարընկերս չէր ասել, այլապես կխանգարեր՝ անընդհատ այդ մասին կմտածեի:

- Պարելու ընթացքում խոսո՞ւմ եք ու հուշումնե՞ր անում:

- Բարդ պահումների ժամանակ ենք խոսում, օրինակ՝ «Սպարտակ»-ում դրանք մի քանիսն են, եթե ինչ-որ բան անհարմար է կամ որեւէ տեղս ցավում է, ասում եմ խաղընկերոջս: Այդպես Սեւակ Ավետիսյանն էլ ինձ «Սպարտակ»-ի վերջին ամենաբարդ պահման ժամանակ ասաց, որ ոտքերս արագ փակեմ, քանի որ մատը ցավում է: Ավարտից հետո խոստովանեց, որ եթե չհասցներ զգուշացնել, կարող էր մատը ջարդվել:


- Բալետում գեղեցկության մյուս կողմում վնասվածքներն ու հոգնածությունն են: Արդյո՞ք միշտ որեւէ տեղը ցավում է:

- Իսկապես միշտ ցավում է. մեջքի խնդիր ունեմ՝ ողնաշարի սկոլեոզ, որը մի քանի տարի է՝ կա ու արդեն լուրջ է: Կան դերեր, պետք է այնքան հետ ծալվես, որ գեղեցիկ լինի, ցավով եմ անում: Պուանտների պատճառով կոճերի խնդիր ունեմ՝ մեծանում են:

- Իսկ ի՞նչն եք սիրում բալետում, որ իսկապես հաճույք է պարգեւում:

- Ինչքան էլ նյարդայնանում եմ, միեւնույն է՝ փորձերի վերջում հասկանում եմ, որ մի քայլ առաջ եմ գնացել: Ուզում եմ կյանքի նպատակին մոտենալ՝ առաջադիմել ամեն անգամ ու քայլ առ քայլ փորձել կատարյալ դառնալ:

- Որքա՞ն կարեւոր է լավ ու փորձառու պարընկեր ունենալը:

- Եթե զգում ես, որ բեմում պարընկերդ քեզնից անհանգիստ է, ձեռքերը դողում են, ավելի շատ ես լարվում ու սկսում իրեն հանգստացնել: Սկսում ես մտածել՝ որեւէ բան չի ստացվի, պահումը կձախողի, ու գետնին կհայտնվես, թեեւ նման բան չի եղել:

- Ի՞նչ անպայման նայել ձեր թատրոնում:

- «Սպարտակը», «Ձգողականությունը», « Դիմակահանդեսը»:

- Բալետի մասին տարատեսակ միֆեր կան, միասին պարզենք, թե որոնք են ճիշտ: Դուք պարբերաբար դաժան սննդակարգերի եք հետեւում:

- Դաժան դիետաներ պահողներ կան: Եթե ինքդ քեզ չես հավանում կամ փորձավարն է ասում, որ պետք է նիհարել, պետք է, բայց ոչ՝ դաժան ու անիմաստ: Ես, բարեբախտաբար, քաշի խնդիր չունեմ:

- Վաղ տարիքից է պետք զբաղվել բալետով, այլապես ոչինչ չի ստացվի:

- Վաղ տարիքից զբաղվելը կարեւոր է, բայց ուշ սկսողներ էլ են եղել, որոնք հասել են արդյունքի:

- Բալետի պարողները շատ վաղ տարիքում են թոշակի անցնում:

- Այո, տարիներն արագ են անցնում, պետք է կարողանալ հասցնել ամեն բան, որ հետո չփոշմանես:

- Մատների վրա պարելը սարսափելի ցավոտ է:

- Չէ, ուղղակի սովորում ես:

- Մրցակցությունը շատ թեժ է ու ուրախանում եք միմյանց անհաջողություններով:

- Այդպես չէ, կա առողջ մրցակցություն, ինչը շատ լավ է: Ես ուրիշների անհաջողությամբ ուրախացող մարդ չեմ, դա ոչ մի լավ բանի չի բերի:  


- Ազատ ժամանակ ընդհանրապես չունեք ու անընդհատ փորձերի կամ ելույթների եք:

- Նման բան չկա. միշտ ազատ ժամանակ կարելի է գտնել, եթե օրդ ճիշտ պլանավորես:

- Բալետով ընտրյալներն են զբաղվում:

- Պետք է քո մասնագիտության մեջ լավագույնը լինես:

- Իսկ հիմա մի քանի արագ հարց. ի՞նչ եք ուզում սովորել:

- Դիզայներ եմ ուզում դառնալ, երեւի, կհամատեղեմ աշխատանքիս հետ, որ հետո ուշ չլինի:

- Վերջին անգամ ի՞նչն է Ձեզ արտասվելու առիթ տվել:

- Հաճախ եմ արտասվում անիմաստ ու փոքր բաների պատճառով, օրինակ, երբ որեւէ շարժում չի ստացվում (ծիծաղում է,-հեղ.):


- Ի՞նչ են թաքցնում սպիները:  

- (Երկար լռություն,-հեղ), չեն թաքցնում:

- Ի՞նչ չես ասի բառերով:

- Բարդ հարցեր են: Ես չեմ կարողանում բառերով իմ սերը փոխանցել մարդուն, բայց պարով ստացվում է (ծիծաղում ենք,-հեղ.):

- Ե՞րբ է գալիս երջանկությունը:

- Երբ աշխատանքս վերջացնում եմ ու գնում տուն: Կյանքումս ունեցած ամենաերկար հարցազրույցն էր (ծիծաղում ենք,-հեղ.):

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW