×


«Music Fest with Coca-Cola»-ն՝ Fly Project-ի, Inna-ի, Imanbek-ի հետ. նոր վայր ու 9 ժամ անդադար երաժշտություն

Սեպտեմբերի 9-ին 2-րդ տարին անընդմեջ Երեւանում կանցկացվի «Coca-Cola Music Fest»-ը, որը փոքր ձեւափոխվել է ու դարձել «Music Fest with Coca-Cola»:
Փառատոնի նպատակներն ու ձեւաչափը մնացել են նույնը, որոնց մասին BRAVO.am-ին պատմել է «Unity Production»-ի համահիմնադիր ու միջոցառման անցկացման գաղափարի համահեղինակ Ալեքսանդր Մհերյանը:

Ինչպես եւ խոստացել էինք, փառատոնն ամենամյա դարձավ: Առաջինից ստացած արձագանքները շատ դրական էին: Նախորդ տարի փառատոնը կազմակերպել էինք «Սպարտակ»-ում, այս անգամ անցկացման վայրը «Երեւան ֆեստ արենա»-ն է: Այն ամբողջությամբ խոտածածկով տարածք է, որը հարմարեցնելու ենք փառատոնին:

Coca-Cola-ն նորից  տոմսեր է խաղարկելու, գնել կարելի է tomsarkgh.am, ticketon.amtoms.am կայքերի եւ EvocaTouch հավելվածի միջոցով: Նախատեսում ենք 20 հազարից ավելի այցելու ունենալ։ «Music Fest with Coca-Cola»-ն Հայաստանում մասնակիցների ու ելույթ ունեցող երգիչների թվով ամենամեծն է լինելու. նախատեսում ենք հայ ու արտասահմանցի 17-ից ավելի արտիստ հրավիրել:


Ձեւաչափը չի փոխվել եւ ժամը 14:00-ից 23:00-ը երկու բեմում անդադար երաժշտություն է հնչելու: 9 ժամ շարունակ մարդիկ ուրախանալու եւ պարելու հնարավորություն կունենան: Ամեն բեմ կունենա իր անվանումը, եւ եթե նախորդ տարի դրանք դեմ դիմաց էին տեղադրված, այս անգամ կողք կողքի կլինեն. մեկում ելույթն ավարտվելուց անմիջապես հետո կսկսվի մյուսում: Քանի որ բոլոր երգիչները կենդանի կատարումներով են հանդես գալու, պետք է մի բեմը պատրաստ լինի մյուսին շարունակելու։

Մեր կարեւոր ու գլխավոր նպատակն է քարոզել որակյալ երաժշտություն: Փոփ ֆեստ է, բայց կհնչեն նաեւ ռոք ու փոփ-ռոք կատարումներ: Առաջնային կետերից մեկն էլ այն է, որ հարթակ ենք տալիս նորահայտ, երիտասարդ ու արդեն սիրված երգիչներին, որոնք շատ դեպքերում նման ելույթների հնարավորություն չեն ունենում:


Նախորդ տարի այդպիսի երիտասարդներից Բրյունետն էր, որը Եվրատեսիլում ելույթ ունեցավ ու արդեն կայացած արտիստ է: Այս անգամ էլ նա կերգի ֆեստին: Եթե չեմ սխալվում՝ Եվրատեսիլից հետո սա նրա առաջին ելույթը կլինի: Այս անգամ էլ նոր անուններ ունենք, որոնց թվում են Մեղուն, Ամալկան, որոնք իրենց ոճով ու երգերով սիրվել են երիտասարդների կողմից:

Մեզ տարբեր խմբեր ու կատարողներ շատ են դիմում, որպեսզի հնարավորություն ստանան մասնակցել փառատոնին, բայց քանի որ ժամանակը սահմանափակ է, կփորձենք հաջորդ տարի 2 օր անցկացնել, կամ էլ ձեւաչափում փոփոխություն անել: Մտածում ենք տարվա ընթացքում հանդիսատեսը որոշակի անվանակարգերով ընտրի այն արտիստներին, որոնց կցանկանա հաջորդ տարի տեսնել մեր բեմահարթակում:


Ամեն ինչ անում ենք արտերկրից էլ հայտնի դեմքեր ներգրավելու համար. նախորդ տարի երկուսն էին՝ Ուիլլի Ուիլյամն ու Մինելլին, այս անգամ երեքը կլինեն։ Նրանք լավ երաժշտություն կապահովեն: Փառատոնի համար շատ կարեւոր է ընդհանուր մթնոլորտն ու դինամիկան, դրա համար էլ էական է ոչ թե մեկ շատ հայտնի կատարողի ներկայությունը, այլ հավասարակշռություն պահպանելը:

Երաժշտական առումով բազմազանություն կլինի՝ Fly Project-ը պարային ու հիթային երաժշտություն կկատարի, Իննան փոփ երգչուհի է եւ ոճային առումով տարբերվում է, իսկ Իմանբեկը դիջեյ է: Նա Գրեմմի ունի եւ շատ հայտնի երգիչների հետ է համագործակցել՝ Դուա Լիպայի, Դեւիդ Գետտայի, Շոն Փոլի, միջազգային դեմք է ու շատ հայտնի փառատոնների է մասնակցել: Նոր ասելիքով երաժիշտ է, որն էլ կազդարարի երեկոյի ավարտը:


Փառատոնի մասշտաբները մեծանալու են եւ ավելի հայտնի ու շատ հյուրեր ենք ունենալու: Ամեն ինչ անում ենք Հայաստանում ամենասպասված ու մեծ ամենամյա փառատոնն անցկացնելու համար:

Առաջինից առաջ մի քիչ մտավախություն ունեինք, քանի որ հայերն այնքան էլ սովոր չեն ամբողջ օրը նույն վայրում անցկացնել: Փառատոնները հստակ կանոններ ունեն՝ պետք է լինեն ամբողջ օրվա ընթացքում, 7-8 կատարողներ մասնակցեն. փորձում ենք Հայաստանում լիարժեք ֆեստ ունենալ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW