«Էմփիրեյ» խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանի հետ վերջին անգամ BRAVO.am-ը զրուցել էր երկու տարի առաջ, երբ երգիչը տեւական դադարից հետո այցելել էր հայրենիք: Նա խոստովանել էր, որ նյարդայնանում է, երբ իրեն հարցնում են՝ արդյոք վերադառնալու է: «Ես վերջական չեմ գնացել։ Ու հատկապես նյարդայնանում եմ, երբ ասում են՝ վերադառնալու դեպքում այստեղ կհարմարվե՞մ: Հարմարվելու խնդիր չունեմ. ծնվել եմ աշխարհի ամենալավ երկրում՝ Հայաստանում»,- նշել էր Մանուկյանը:
Լոս Անջելեսում բնակություն հաստատելուց 11 տարի անց Սարգիս Մանուկյանը վերադարձել է հայրենիք, այս անգամ արդեն՝ վերջնական։ Եվ օրերս ակումբային ձեւաչափով համերգի շրջանակում հանդիպեց իր հանդիսատեսին։
- Վերադարձել եմ ընդմիշտ, բայց չեմ ուզում ֆետիշացնել ու անընդհատ խոսել այդ մասին, իբր թե ինչ-որ քայլ եմ արել։ Արել եմ այն, ինչ իմ հոգին ինձնից պահանջել է։ Գնացել եմ ինձնից անկախ՝ որոշ հանգամանքներով պայմանավորված, բայց վերադարձել եմ իմ որոշման արդյունքում։
- Այնտեղ Ձեզ լավ չէի՞ք զգում, հոգեւոր սննդի պակա՞ս ունեիք։
- Իհարկե, ոչ մի տեղ մենք չենք կարող մեզ այնքան լավ զգալ, որքան Հայաստանում, բայց այնտեղ էլ էի ինձ լավ զգում։ Շնորհակալ եմ այդ երկրին՝ 11 տարի ապրելու հնարավորություն տալու համար։ Գուցե ուշ էր գնալու համար, բայց հիմա հետ գալու ժամանակն էր։
- Համերգը լավ միջոց է՝ հասկանալու համար հանդիսատեսն արդյո՞ք սպասում է ու կարոտում։
- Այո, դեռ 2022-ին համերգ ունեցա, իսկ մինչ այդ ասում էի, որ զարկերակը կորցրել եմ, բայց ինձ ասում էին, որ իմ հանդիսատեսը կա։ Եվ իսկապես, կա։ Հիմա էլ փորձում եմ ինչ-որ բան սկսել, բայց չգիտեմ՝ ինչ կստացվի. միայն ինձնից կախված չէ։ Կախված է միջավայրից, հանդիսատեսից, որն ինձ վաղուց գիտի կամ նոր կճանաչի։ Հույս ունեմ՝ ինչ-որ բան կստացվի։
- Այսօր Ձեզ հետ հանդես եկող երաժիշտների հետ ելույթ էիք ունեցել նաեւ երկու տարի առաջ:
- Իմ ընկերներն են։ Հուսամ՝ համագործակցությունը շարունակական կլինի՝ կիթառահարը Վիլյամն է, բասիստը՝ Վահագը, թմբկահարը՝ Արան, ստեղնահարները՝ Արմեն Ձամուկաշվիլին եւ Արմեն Սարգսյանը՝ Բրդեն։
- Գուսանական երգերը նորովի մատուցեցիք: Մտավախություն չունեի՞ք, որ գուցե հանդիսատեսն այդքան էլ չընդունի:
- էքսպերիմենտ էր ինձ համար, ցանկացա փորձել։ Եվ ստացվեց, սիրվեց: Եվ առաջին հերթին ես պետք է ընկալեմ իմ արածը։
Համերգի առաջին մասում հնչեցին հայտնի երգերի քավեր տարբերակները: «Անկեղծ եմ ասում՝ այսօր երգելու եմ այնպիսի երգեր, որ տարիներ առաջ չէի ուզում անգամ լսել, բայց հիմա իմ երգացանկի սիրելի կատարումներն են դարձել»,- հանդիսատեսի հետ անկեղծացավ երգիչը:
Սարգիս Մանուկյանը երգեր կատարեց նաեւ Հայկոյի երգացանկից՝ նվիրելով ընկերոջը։ Պատմեց, որ Արթուր Գրիգորյանի հետ էլ որոշել էին մի քանի երգ ներկայացնել, եւ առաջին երգը եղավ «Հայ իմ աշխարհ» ստեղծագործությունը. «Ուզում եմ մաեստրո Արթուր Գրիգորյանին հիշել, որի հետ մեր սկսած համագործակցությունը, ցավոք, տիեզերքի որոշմամբ կիսատ մնաց»։
Երգիչը ներկաներին խոստացավ հաջորդ տարի հանդես գալ նոր երգերով եւ զուգերգերով:
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: