Երեւանյան էկրաններ է բարձրացել ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը: Այդ առիթով անվանի կինոռեժիսորի ծննդյան օրը «ԿինոՄոսկվա»-ում էին հավաքվել ֆիլմի ստեղծագործական կազմն ու կինոսերները:
«2020 թվականի իրադարձություններից հետո, երբ շատ բարդ հոգեվիճակով արտերկրից վերադարձա Հայաստան, կարող եմ ասել, որ օթեւան գտա Փարաջանովի թանգարանում։ Այնտեղ շատ եմ եղել, սակայն այդ այցելության ժամանակ ինչ-որ բան կատարվեց ինձ հետ։ Անգամ բանտարկված նա ստեղծագործել է. նրա ընտրությունը չի եղել կործանումը, այլ՝ արարումը։ Արարչական աշխատանքով Փարաջանովը հաղթեց բոլոր ռեժիմներին, հաղթեց ինքն իրեն, իր ներսի ագրեսիան, որ կարող էր առաջանալ»,- ասել է Զառա Ջյանը, ով նաեւ ֆիլմի սցենարի հեղինակը եւ համապրոդյուսերն է:
Ֆիլմի հերոսներն են ռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Էմիր Կուստուրիցան, Թարսեմ Սինխը, դերասանուհի Չուլպան Խամատովան, կինոքննադատ Ժոել Շապրոնը, ռեժիսոր Ալի Խամրաեւը, Լորա Գուերան (Տ. Գուերայի կինը), ակադեմիկոս Լեւոն Աբրահամյանը, ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը: Ֆիլմի հեղինակների խոսքով՝ ֆիլմի 10-րդ հերոսը հենց Սերգեյ Փարաջանովն է: Ֆիլմի հերոսները պատմում են Փարաջանովի հետ առաջին հանդիպման, նրանից ստացած տպավորությունների, նրա բացառիկ, յուրահատուկ լինելու, հանճարեղության մասին: Բոլորին միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը:
Ռեժիսորի խոսքով՝ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ֆիլմն օրհնված է հենց Փարաջանովի կողմից. «Բոլոր հերոսները մեր կյանք եկան շատ սահուն, թեեւ նրանց նկարահանելը հեշտ չէր: ֆիլմի պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա, սակայն դասական ինքնակենսագրական չէ: Ֆիլմը բաղկացած է հարցազրույցներից: Հերոսները բաժանված են 3 խմբի՝ հետխորհրդային ժամանակի մշակութային գործիչներ, Փարաջանովի գործընկերներ եւ ընկերներ, միջազգային մշակութային գործիչներ»:
«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում եւ Գերմանիայում: Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնի շրջանակում:
Լուսանկարները՝ Նիկի Ցեպսի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: