Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի տարեդարձն է այսօր։ Bravo.am-ին դերասանի ավագ որդին՝ «Առաքել» ներկայացման պրոդյուսեր Արամ Թոխատյանը, պատմել է, թե ինչպես են սովորաբար նշում նրա տարեդարձն ու ինչ նվերներ են անում։
«Շատ տպավորիչ էին իմ մանկության տարիներին նշվող առիթները, երբ հավաքվում էինք մեծ խմբով. իր ընկերներն էին ներկա լինում, ու բոլորս սեղանի շուրջ տոնում էինք։ Ամենահիշվողը եղել է հայրիկիս 50-ամյակը. շատ ստեղծագործական ենք նշել՝ Սունդուկյանի անվան թատրոնում խաղացել է «Անհանգիստ հոգի, կամ անկոչ հյուրը» ներկայացման մեջ։ Հիմա հայրիկը նախընտրում է ավելի նեղ շրջապատում նշել։ Այս տարի էլ, բնականաբար, նրան անակնկալ կմատուցենք, նաեւ կհավաքվենք սեղանի շուրջ»,- ասել է Արամ Թոխատյանը։
Այսօր ոչ միայն Հրանտ Թոխատյանի, այլ նաեւ նրա մյուս որդու՝ Հայկի ու զոքանչի՝ Լուիզա Ներսիսյանի մայրիկի տարեդարձն է։ Այնպես որ, Թոխատյանների ընտանիքում նշելու առիթները շատ են։
«Հայրիկիս ամենամեծ նվերը հենց եղբայրս է»,- ասել է արտիստի որդին եւ հավելել է. «Նա շատ է սիրում թե՛ նվերներ տալ, թե՛ ստանալ եւ այդ հարցում միշտ հետաքրքիր ու ստեղծագործական մոտեցում է ցուցաբերում։ Մենք, հակառակը, ավելի պետքական նվերներ ենք ընտրում ու այդքան էլ կրեատիվ չենք լինում։ Օրինակ՝ գիտենք նախընտրած բույրերը ու օծանելիք ենք նվիրում։ Ասեմ, որ հատկապես սիրում է Hugo Boss-ը։ Իսկ քանի որ հայրիկի շրջապատում հիմնականում ստեղծագործ մարդիկ են, նրանք ավելի տարբերվող նվերներ են մատուցում»։
Հրանտ Թոխատյանն՝ ավագ որդու՝ Արամի եւ թոռնիկի հետ
Արամ Թոխատյանին հատկապես ուրախացնում է, որ հայրը երկամյա դադարից հետո նոր ուժով ու էներգիայով վերադարձել է բեմ։ Խոստովանում է, որ միանգամից զգացվում է, թե որքան կարոտով է նա Սամվել Թոփալյանի հետ խաղում «Առաքել» ներկայացման մեջ։ Ի դեպ, հաջորդ ներկայացումը փետրվարի 12-ին է։
«Նոր պիեսներ են գրվում, եւ ամեն ինչ կանենք, որ այս տարի դրանք էլ բեմ բարձրանան։ Հայրիկը շատ մեծ վճռականությամբ ու էներգիայով է լցված: Կարոտել էր բեմը, ու ներկայացումների ժամանակ դա չնկատել հնարավոր չէ։ Նրան միայն առողջություն եմ մաղթում եւ շատ ուժ ու եռանդ»,- ընդգծել է նա։
Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Թոխատյանի անձնական արխիվից


×
3,033







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: