Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի «Խազեր» մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվեց երկրորդ անգամ, դարձավ տարեսկզբի ամենաքննարկվող իրադարձություններից մեկը։
Երբ հայտնի դարձավ, թե ովքեր են առաջադրված տարբեր անվանակարգերում, Բրյունետը, Իվետա Մուկուչյանը, հետո նաեւ այլ կատարողներ հայտարարեցին, թե չեն ցանկանում մասնակցել մրցանակաբաշխությանը, նույնիսկ պահանջեցին, որ իրենց անունն ու ազգանունը չօգտագործվի:
«Խազերը» դեռ նոր է ձեւավորվում, բայց արդեն հասցրել է ոչ միայն մրցանակներ բաժանել, այլեւ՝ կարծիքներ։ Ոմանք ընտրեցին բեմը, մյուսները՝ բոյկոտը, բայց ուշադրությունից չզրկվեց ոչ մեկը։
Երեկ երեկոյան տեղի ունեցած մրցանակաբաշխությունը նախորդ տարվա համեմատ ավելի տպավորիչ ու մասշտաբային էր։ Հյուրերի զգեստները շատ տարբերվող էին, եւ գրեթե բոլորը ներկայացել էին հայ դիզայներների ստեղծած հագուստներով։
Լրագրողները չէին կարող չհարցնել կազմակերպիչներին, թե ինչու որոշ արտիստներ բոյկոտեցին միջոցառումը։ Մրցանակաբաշխության ռեժիսորներից Արթուր Մանուկյանը նշեց, որ նույնիսկ չհաղթողները լավ ժամանակ կանցկացնեն, քանի որ երեք ռեժիսորով ստեղծել են իսկական տոն. «Բոլորը մեր ընկերներն են ու հարազատ մարդիկ։ Ունենք հրաշալի համագործակցություններ։ «Խազերը» դեռ երկու տարեկան է։ Կարծում եմ՝ այսպիսի մեծ իրադարձությունները չեն կարող անցնել առանց շոուի դրվագների»։
Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն ընդգծեց, որ ոչինչ չի կարող ընկճել նպատակ ունեցող եւ ազնվորեն ստեղծագործող մարդուն։ Ավետ Բարսեղյանն էլ, ով ակադեմիայի անդամ է եւ երեկոյի հաղորդավարներից, նշեց, որ որեւէ մեկի հանդեպ չարացած չեն։ Նա հավելեց՝ հայկական շոու բիզնեսը, ինչպես արվեստի մյուս ճյուղերը, մի ընտանիք է, որտեղ ամեն ինչ կարող է պատահել. «Բոլորը շատ սիրված են, եւ վաղ թե ուշ բոլորի միացումը «Խազեր»-ին լինելու է»։
Կոմպոզիտոր, երաժշտական ակադեմիայի խորհրդի անդամ Արաքսյա Մուշեղյանի կարծիքով՝ յուրաքանչյուր արտիստ ունի չմասնակցելու իրավունք, իսկ իրենք իրավունք չունեն անտեսել հանդիսատեսի ներկայացրած հայտերը։
Մանե Գրիգորյանին այս տարի ուղեկցում էր դուստրը՝ Կայան։ Նա շտապեց փարատել բոլորի կասկածները, թե բաժանվել է՝ նշելով, որ իր սիրելին՝ Արման Մնացականյանը, Տիգրան Համասյանի հետ գտնվում է Հարավային Աֆրիկայում. «Մոտ մեկ ամիս էլ ԱՄՆ-ում էին համերգներով հանդես գալիս: Այնպես որ, նրան դժվար է Երեւանում գտնել։ Բայց Արմանն իմ կյանքում կա»։
Խոսելով մրցանակաբաշխությունից հրաժարվող արտիստների մասին՝ Գրիգորյանը նշեց. «Գիտեմ միայն, որ Բրյունետն ընդհանրապես չի ցանկանում մասնակցել որեւէ մրցանակաբաշխության, եւ հարգում եմ նրա որոշումը։ Մյուսների պատճառները չգիտեմ եւ, անկեղծ ասած, չեմ հասկանում, քանի որ սա հրաշալի հարթակ է ինչպես նրանց, այնպես էլ երիտասարդ, տաղանդավոր արտիստների համար։ Մենք էլ պետք է շարունակենք հայրիկիս՝ Արթուր Գրիգորյանի աշխատանքը եւ դռներ բացենք երիտասարդների առաջ»։
Երգի թատրոնը որեւէ անվանակարգում ներկայացված չէր, սակայն Արթուր Գրիգորյանի «Դռներ» ստեղծագործությունը նոր գործիքավորմամբ ներկայացրին Էրիկ Կարապետյանը եւ նորաստեղծ «Ասուպ» երգչախումբը։
«Խազեր 2025»-ի լավագույն երգչուհի Սոնա Ռուբենյանն այս տարի առաջադրված էր երեք անվանակարգում՝ «Լավագույն տեսահոլովակ», «Տարվա երգ» եւ կրկին «Լավագույն երգչուհի»։
«Եկել եմ տոնը վայելելու, քանի որ նման իրադարձությունները շատ կարեւոր են։ Բոլորս առօրյա թոհուբոհում կարոտում ենք այս շփումը եւ պատրաստ ենք միմյանցով ուրախանալ»,- ասաց նա։
Վարդան Բադալյանն առաջադրված էր «Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ» անվանակարգում։ Մինչ կհայտարարվեր հաղթողի անունը, երգիչը նշել էր, որ պարզապես սպասում է լավ երեկոյի, քանի որ ««Խազերն» անցած տարվանից մեծ խազեր է թողել»։
Տպավորիչ էին խաչատրյանական հնչյուններով բեմադրությունը, որտեղ միաձուլվել էին դասական, ժողովրդական եւ ժամանակակից ժանրերը, Սոնա Ռուբենյանի տրիբյուտը Վարդուհի Վարդանյանին եւ «Հովեր» երգչախմբի թատերականացված ելույթը։
Արսեն G-ն (Գրիգորյան) իր արտիստիկ ելույթով բացեց երեկոն, նաեւ հանդես եկավ հումորային մինի ստենդափով: Նա ներկայացրեց բոլոր անվանակարգերը եւ կատակեց. «18 արտիստ ուրախ կգնան տուն, իսկ 36-ը, հավանաբար, հաջորդ տարի կհրաժարվեն մասնակցել»:
Ասաց, որ «Լավագույն փոփ երգչուհի» անվանակարգում առաջադրված են Իվետա Մուկուչյանը, Բրյունետը եւ Սոնա Ռուբենյանը։ Խնդրեց բոլորին այնքան բարձր ծափահարել, որ լսեն անգամ Իվետան ու Բրյունետը, որոնք հրաժարական են տվել Ինստագրամով։
Իսկ «Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ ժանրում» անվանակարգում առաջադրված էին Ռազմիկ Ամյանը, Սարո Թովմասյանը եւ Տաթեւ Ասատրյանը։ «Ուտեմ ձեր սիրտը, կյանքե՛ր: Շատ շնորհակալ ենք, որ այս մեկ օրը համալիրն ազատ եք թողել, որպեսզի մենք մեր մրցանակաբաշխությունն անենք»,- ասաց Գրիգորյանը:
Իսկ ահա «Լավագույն երգ» անվանակարգում առաջադրված էին Սոնա Ռուբենյանը, Իվետա Մուկուչյանը, Արամեն եւ D’LITTE-ը։ «Բայց Արամեն «delete» արեց այս երգը, եւ D’LITTE ջան, չչարանաս երբեք: Սոնա ջան, իսկ դու՝ չգիտեմ ոնց, բայց բոլորին տուն ճանապարհեցիր»,- հումորով նկատեց Արսեն G-ն։
Կազմակերպիչները, սակայն, չէին նեղացել այն արտիստներից, որոնք հրաժարվել էին մասնակցությունից. Իվետա Մուկուչյանն ու Բրյունետը հաղթողների ցուցակում են:
«Տարվա հայտնություն»՝ Սիմոն
«Լավագույն հեղինակ-կատարող»՝ Սոնա Ումրոյան
«Լավագույն գործիքավորում (ոչ դասական)»՝ Կարեն-Սեւակ, «Սիրտ» / Սիրուշո
«Լավագույն դասական նախագիծ»՝ «Սիմֆոնիկ Հայկո», «Բաց երկնքի տակ»
«Լավագույն կոմպոզիտոր»՝ Մարտին Ուլիխանյան
«Լավագույն դասական երգիչ»՝ Արսեն Սողոմոնյան
«Լավագույն դասական երգչուհի»՝ Ջուլիանա Գրիգորյան
«Լավագույն հիփ-հոփ եւ R&B արտիստ»՝ Միշո
«Լավագույն քաղաքային ֆոլկ արտիստ»՝ Տաթեւ Ասատրյան
«Լավագույն ռոք խումբ»՝ Nemra
«Լավագույն ազգային/ժողովրդական խումբ»՝ Կարեն-Սեւակ
«Լավագույն ջազ արտիստ»՝ Խաչիկ Սահակյան
«Լավագույն երաժշտական նախագիծ եւ բեմադրություն»՝ «Էպոս. Սասունցի Դավիթ»
«Լավագույն տեսահոլովակ»՝ «Վարդավառը գալիս է» / Սոնա Ռուբենյան, ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան
«Լավագույն փոփ երգչուհի»՝ Իվետա Մուկուչյան
«Լավագույն փոփ երգիչ»՝ Արամ MP3
«Տարվա լավագույն երգ»՝ «Ճանապարհեցիր ինձ տուն», Սոնա Ռուբենյան
«Լավագույն ալբոմ»՝ «Love Reversed», Բրյունետ
«Խազեր»-ի հատուկ մրցանակ՝ Հովհաննես Չեքիջյան
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
7,301






