×


“Help”-ի շնորհանդեսն ու Արամ MP3-ի փորձությունները

Արամ MP3-ն այսօր ներկայացրել է իր նոր` “Help” տեսահոլովակը: “Վիտամին” ակումբում տեղի ունեցած շնորհանդեսին նա հայտնել է, որ երգի երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ գործիքավորումը կատարել են Լիլիթ Նավասարդյանն ու դիջեյ Սերժոն:

Արամ MP3-ն


 “Կերպարս մարմնավորում է մարդկությանը եւ օգնություն խնդրում անարդարությունների դեմ պայքարելու համար, բայց չի գիտակցում, որ ինքը կարող է իրեն օգնել, որովհետեւ աշխարհի չարիքների 99 տոկոսը հենց մարդիկ են ստեղծել: Կադրեր կան Հայոց ցեղասպանությունից, որն առ այսօր չի դատապարտվել”,-ասել է երգիչը:

Արամը տեղեկացրել է, որ երգում օգտագործել է հատված Չառլի Չապլինի մենախոսությունից.“Նա ասում էր, որ ամենամեծ ուժը մարդկության ձեռքին է, ճիշտ կլինի, եթե այդ ուժն ուղղենք բարի գործեր անելու համար, այլ ոչ թե քանդենք ու ավիրենք մեր մոլորակը”:

Տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է, օպերատորը` Միհրան Ստեփանյանը, անիմացիոն աշխատանքները կատարել է Կարեն Ասատրյանը, երգչի ոճաբանն Արամ Նիկոլյանն է: Նկարահանումները տեղի են ունեցել Գառնու մոտ գտնվող Ազատի ջրամբարի տարածքում` օգոստոսի վերջին եւ սեպտեմբերի սկզբին:
 

Արմուշը եւ Գրիգոր Գասպարյանը


“Այն ժամանակ նկարեցինք, երբ ջուրը ցամաքել էր, բայց որոշ հատվածներում ճահիճներ էին: Դարձա ճահիճների զոհը. ջուրն ուսերիցս էր, վախենում էի, որ կխորասուզվեմ, ու ինձ չեն կարողանա հանել: Ժայռ մագլցելիս էլ քարերից մեկը պոկվեց, եւ բախտս բերեց, որ չընկա, այլապես դժբախտ պատահար էր լինելու: Սեւ բաճկոնով ամբողջ ընթացքում քայլել կամ վազել եմ, ինչից մարմնիս ջերմաստիճանը շատ էր բարձրացել… Ընթացքը շատ դժվար էր, բայց, արդյունքը տեսնելով, չեմ ափսոսում”,-պատմել է Արամ MP3-ն:

Գրիգոր Գասպարյանը նշել է, որ նոր տեսահոլովակից ունի ակնկալիքներ, բայց այդքան մեծ արձագանք չի ակնկալում, որքան 7 միլիոնից ավելի դիտում գրանցած “Not Alone”-ից.“Արամը որպես գլխավոր հերոս մոլորված քայլում է պատմության ճանապարհներով` փնտրելով օգնություն ու ինքն իրեն: Մարդը, լինելով այդքան փոքր, ամեն օր ոչնչացնում է Աստծո ստեղծածը եւ գնում է ինքնաոչնչացման”:

Կադր Արամ MP3-ի "Help" տեսահոլովակից


Գարիկի խոսքով` տեսահոլովակում այնքան խորհրդանիշներ կան, որ դժվար է բացատրել ողջ իմաստը.“Երգի հաղորդագրությունն աշխարհը չի փոխի. գյուտ չենք հնարել, բայց այն նկարագրում է մարդուն, ով չի կողմնորոշվում, թե ինչ է ուզում այս կյանքում, ինչը միշտ խնդիրներ է առաջացնում: Երբ երգը պատրաստ էր, Արամը որոշեց ավելացնել Չապլինի մենախոսությունը. բավական ժամանակ պահանջվեց կապվելու համար այն հիմնարկության հետ, որը զբաղվում է նրա հեղինակային իրավունքներով, բայց կարողացանք թուլտվություն ստանալ”:

Արամ MP3-ն նաեւ տեղեկացրել է, որ նախորդ տարվանից աշխատում է իր երաժշտական ալբոմի երգերի ստեղծման, ձայնագրության ու թողարկման վրա. “Ցանկանում եմ նոր մի քանի երգ էլ ընդգրկել, իմ բնավորության համաձայն` ուզում եմ` ամեն ինչ կատարյալ լինի: Ձայնասկավառակ թողարկելն այսօր հետին պլան է մղվել, բայց այն երգչին ավելի ներկայանալի է դարձնում”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW