«Հարսանիքը մի մեծ բեմադրություն է, որն ունի երկու գլխավոր դերակատար” Ինչպես հանրահայտ ռուսական “Москва слезам не верит” ֆիլմում է ասվում. “Он же Гоша, он же Жора, он же Георгий…”: Այսպես էլ կարելի է բնութագրել Bravo.am-ի զրուցակից` ատամնաբույժ-օրթոդոնթ, “ArmWedding” ամսագրի գլխավոր խմբագիր, “Բելլաջիո դիզայն ստուդիո”-ի արթ-մենեջեր Գեորգի Հարությունյանին: Այս բազմակողմանի տաղանդներով օժտված մարդը ծնունդով Վրաստանից է, սակայն 1996 թվականից Գեորգին բնակվում եւ իր գործունեությունն է ծավալում այստեղ` Երեւանում: - Գեորգի, ինչո՞ւ որոշեցիք այդքան լուրջ մասնագիտությունից բացի նաեւ դիզայնով զբաղվել: Համատեղում եք կարծես անհամատեղելին: - Նախ ասեմ, որ փոքրուց ունեի այդ ջիղը. տանը կարող էի ջարդված իրերից ստանալ շատ հետաքրքիր մի բան: Օրինակ` կարի մեքենայի մի մասը համակցելով մեկ այլ ջարդված իրի հետ, ստացա բավականին օրիգինալ լվացարան, որն, ի դեպ, մինչեւ հիմա օգտագործվում է: Այսինքն, կարելի է ասել, յուրաքանչյուր իր, որն արդեն կարծես պիտանի չէ օգտագործման համար, կարող է մարդու ձեռքերով դառնալ գլուխգործոց: 1999 թիվն էր, ես արդեն աշխատում էի որպես ատամնաբույժ: Մի հաճախորդ ունեի` էլիզան, որն, ի դեպ, մասնագիտությամբ լրագրող է: Իմանալով իմ հոբբիի մասին եւ տեսնելով իմ կողմից ստեղծված մի քանի իրեր` առաջարկեց մասնակցել ցուցահանդեսի: Եվ ես սկսեցի իր քրոջ` ֆլորիստ-դիզայներ Նաիրա Մանուկյանի հետ պատրաստվել այդ ցուցահանդեսին, ինչն ինձ համար մուտք հանդիսացավ դիզայնի աշխարհ: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Զատիկի տոնի կապակցությամբ Իգիթյանի մանկապատենական ցուցասրահում: Ես շատ հետաքրքիր մի ծառ էի ներկայացրել, որի վրա կախված էր 33 ձու, բացի այդ, ձվի կեղեւի մեջ կակաչներ էի դրել եւ կենդանի ճուտիկներ էի բերել, որոնք էլ գրավում էին բոլորի ուշադրությունը: :) Մի խոսքով, բոլոր աշխատանքներից իմը գունային լուծումներով եւ յուրահատկությամբ էին տարբերվում: Բոլոր աշխատանքներս 2 օրվա ընթացքում վաճառվեցին, ստիպված էի մի քանի նոր բան ստեղծել, քանի որ ցուցահանդեսը 3 օր տեւեց: Նշեմ, որ բավականին շատ եմ ուշադրություն դարձրել եկեղեցական տոներին, քանի որ տատիկս հավատացյալ էր: Եվ դա մեծ ազդեցություն է ունեցել իմ գործունեության վրա: Շատ եկեղեցական տոների շրջանակներում տարբեր միջոցառումներ եմ կազմակերպել: Օրինակ, մեծ շուքով նշել ենք Սուրբ Սարգսի տոնը, որի ընթացքում բարեգործական օպերային երկու համերգ էինք կազամակերպել: - Իսկ ի՞նչ եղավ այդ առաջին ցուցահանդեսից հետո: Եղա՞ն ինչ-որ առաջարկներ: - Այո, առաջարկներ ստացանք: Այս տարիների ընթացքում բազմաթիվ ցուցահանդեսների եմ մասնակցել, եղան առաջարկներ Մոսկվայից, սակայն որոշեցի այստեղ գործունեությունս ծավալել, քանի որ չէի ուզում հրաժարվել ատամնաբուժությունից: Եվ քրոջս հետ 2004 թվականին որոշեցինք բացել մեր սեփական խանութը: Այն կոչվում էր “Golden Hands” եւ գտնվում էր Բաղրամյան պողոտայում: “GH”-ն իմ անվան եւ ազգանվան առաջին տառերն էին: Խանութն ասես թանգարան լիներ, մարդիկ մտնում էին, հետաքրքրությամբ նայում եւ դուրս գալիս: Շատ հետաքրքիր իրեր ունեինք խանութում, օրինակ` մի ճամպրուկ կար, որից ես բար էի սարքել, պատին էր կախվում, ժամացույց` պատրաստած աթոռից, բիժուտերիա, աքսեսուարներ եւ այլն: Բացի այդ, արդեն այն ժամանակ սկսեցի զբաղվել հարսանյաց եւ այլ տոնակատարությունների ձեւավորմամբ եւ ընդհանուր կազմակերպմամբ: Որոշ ժամանակ անց ստիպված եղանք ինչ-ինչ պատճառներով փակել խանութը: - Ե՞րբ սկսեցիք աշխատել “Բելլաջիո դիզայն ստուդիո”-ի համար եւ ի՞նչ դեր ունեք այնտեղ: - 2006 թվականին ընդունվեցի “Բելլաջիո դիզայն ստուդիո”: Արդեն 4 տարի է ինչ այստեղ եմ: Այս ընթացքում բավականին շատ հետաքրքիր խանութների բացումներ եմ կազմակերպել եւ հարսանյաց հանդիսություններ: Ընդհանրապես, յուրաքանչյուր հանդիսության ես մոտենում եմ թեմատիկորեն, այսինքն` ընտրում եմ խանութին, կամ, ասենք, զույգին վերաբերվող մի բան եւ օգտագործում ողջ դիզայնի մեջ: Ձեւավորել ենք “Ստեֆանել” խանութը բացման համար, “Ստուդիո 26” եւ այլն: - Փաստորեն, Դուք անթիվ եւ անհամար հարսանյաց հանդեսների եք մասնակցել: Ո՞ր հարսանյաց հանդիսությունը կամ միջոցառումն է առավել տպավորվել Ձեզ մոտ: - Բավականին տպավորիչ էր մի զույգի հարսանիք, որի բոլոր աքսեսուարները եւ ողջ թեմատիկան ծիրանն էր: Քաղաքում այդ ժամանակ ծիրան չէր մնացել, բոլորը գնել էինք: Ունեցել ենք նաեւ նարնջի թեմայով հարսանիք: Մի հարսանյաց հանդիսություն հիշեցի սուրճի թեմայով, շատ օրիգինալ էր, ամենուրեք սուրճի հատիկներ էին, անգամ շոկոլադը սուրճի հատիկների ձեւ ուներ: Բոլոր այն զույգերը, ում համար ես աշխատում եմ, հրավիրում են իրենց հարսանիքին: Սակայն լիովին չեմ կարող լիցքաթափվել եւ վայելել, անընդհատ մեկ տեղից մյուսն եմ վազում, որպեսզի ամեն ինչ նախատեսվածի պես լինի: - Ի՞նչ արտառոց դեպք կհիշեք հարսանիքներից: Եղե՞լ է նման բան: :) - Այոոոո: :) Սրճե թեմատիկայով հարսանիքի ժամանակ ընկել էի եւ ձեռքս կոտրել, սակայն այնքան զբաղված էի, որ ողջ հարսանիքի ընթացքում չեմ հասցրել գնալ բժիշկի մոտ եւ այդ ահավոր ցավով աշխատել եմ: Իսկ ինչ վերաբերում է զույգերին, ապա բավականին տպավորվել է մի հետաքրքիր զույգի հարսանյաց պարով, որի հեղինակը կրկին ես էի, սակայն սովորեցրել էր, բնականաբար, պարուսույցը: Պարի սկզբում զույգերը կլասիկ տանգո պարեցին` բավականին վատ (ինչը հատուկ էր մտածված), ապա միանգամից միացավ “Կրիմինալնոյե չտիվո” ֆիլմի աշխույժ երգը, եւ զույգը հիանալի պարային տեխնիկա ցուցաբերեց: Ընդհանրապես, յուրաքանչյուր միջոցառում պետք է փորձել օրիգինալ կազմակերպել: - Իսկ հաճա՞խ է լինում այնպես, որ զույգը ուղղակի համաձայն չէ Ձեր մտահղացումների հետ: Ի՞նչ եք անում այդ դեպքում: - Ընդհանրապես, հարսանիքն առաջին հերթին մեծ շոու է, թատրոն, որն ունի գլխավոր դերակատարներ` հարս եւ փեսա: Պետք է այնպես անել, որ գլխավոր դերակատարները գոհ մնան ողջ գործընթացից, ամեն ինչը լինի ըստ արժանվույն: Իհարկե, տարաձայնություններ պատահում են, քանի որ մենք` հայերս միշտ կարծում ենք, որ ամենագետ ենք, եւ հաճախ չենք ցանկանում լսել ուրիշի կարծիքը: Սակայն ես փորձում եմ կոմպրոմիսի գալ, ավելի լավ բացատրել միտքս եւ, ի վերջո, ցույց տալ: - Գեորգի, Ձեզ հետ այսքան զրուցելուց հետո պատկերացնում եմ, թե որքան դժվար է Ձեզ օրիգինալ նվեր անել: Ո՞ր նվերն է տպավորվել կամ ուղղակի ապշեցրել Ձեզ: Թե՞ այդպիսի բան դեռեւս չի եղել: - Այո, դուք ճիշտ եք, ինձ իրոք դժվար է զարմացնել, սակայն մի նվեր շատ մոտիկ անձնավորության կողմից իրոք ապշեցրեց: Դա դեպի Լա Ռոշել ուղեգիրն էր: Ես սկզբում հրաժարվում էի այդ նվերից, քանի որ հասկանում էի, թե որքան թանկ է այն, սակայն, այնուամենայնիվ, ընդունեցի նվերը եւ մեկնեցի: - Դուք աշխատել եք տարբեր երգիչ-երգչուհիների հետ, իրենց տեսահոլովակների դիզայն մենեջերն եք եղել: Ո՞վքեր են եղել Ձեր հաճախորդները եւ ո՞ւմ ոճն է Ձեզ դուր գալիս: - Այո, ես աշխատել եմ Լիլուի հետ, իր վերջին տեսահոլովակի դիզայնն եմ արել, Նազենիի, Շպռօտի: Վերջերս բավականին տպավորված եմ Սոֆի Մխեյանի ոճով, շատ օրիգինալ է երգչուհի Սյուզիի ոճը: Լիլուն է ոճափոխվել: - Իսկ ինքներդ դժվա՞ր եք հագուստ ընտրում Ձեզ համար: Կարծում եմ, երկար եք կանգնում պահարանի առջեւ: Եվ ո՞ր բրենդերն եք նախընտրում: - Սիրում եմ լավ հագուստ, օրիգինալ հագուստ: Բրենդի վրա առաջնային ուշադրություն չեմ դարձնում` կարեւորը որակն է եւ տեսքը: Ծանոթներս հաճախ ասում են, որ էքստրավագանտ ոճ ունեմ. միգուցե:) : Դիզայներներից կառանձնացնեմ Կարլ Լագերֆելդին: - Ըստ Ձեզ, հայ տղամարդի՞կ են ավելի ոճային, թե՞ կանայք: - Կարծում եմ, կանայք. նրանք ավելի շատ են հետեւում իրենց: 1996 թվականից հետո, երբ ես եկա Հայաստան, շատ բան է փոխվել, մարդիկ սկսել են ավելի օրիգինալ հագնվել: Ճիշտ է` երբեմն լինում են սխալներ, օրինակ, make-up-ի մեջ, ցերեկվա ժամին երեկոյան make-up են անում, կամ ել աքսեսուարներն են շատ կրում, սակայն դա էլ է հասկանալի, քանի որ մենք արեւելյան երկիր ենք: Ամեն դեպքում, նորաձեւությունն արդեն ավելի արագ է մտնում Հայաստան: - Ինչի ՞ մասին եք երազում: Չէի՞ք ցանկանա ապագայում փորձել ձեր ուժերը հագուստի դիզայնում: - Ոչ, ճիշտն ասած, ցանկություն չունեմ, քանի որ Հայաստանում հագուստի դիզայներների պահանջարկը մեծ չէ: Բացի այդ, արդեն գտել եմ ինձ: Ունեմ իմ սիրած մասնագիտությունը եւ հոբբի, որը դարձավ երկրորդ մասնագիտություն: Ցանկանում եմ, որ ավելի շատ գնահատվի ոչ թե աշխատանքը, այլ մտահղացումը, քանի որ Հայաստանում դիզայնը դեռեւս այդքան շատ չեն գնահատում: Զրուցեց Աննա Զիլֆուղարյանը /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: