×


Իվետա Մուկուչյանի նոր հոլովակի շնորհանդեսի հետաքրքիր դրվագները

«Հայաստանի աղջիկներ»՝ այսպես է կոչվում Իվետա Մուկուչյանի նոր երգը, որի տեսահոլովակի պրեմիերան երեկ էր՝ փակ միջոցառման շրջանակում: Երգչուհու նոր աշխատանքը դիտելու եւ շնորհավորելու էին եկել նրա ընկերները, մտերիմներն ու ընտանիքի անդամները: Շնորհանդեսին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է հետաքրքիր պահերը եւ, իհարկե, զրուցել Իվետայի հետ:

Միանգամից նշենք, որ սա երգչուհու «Մարգո. կնոջ ուղին» եռագրություն-նախագծի երրորդ մասը չէ: Այն կթողարկվի հաջորդ տարվա ընթացքում, ինչպես նշեց Իվետա Մուկուչյանը: Նա ընդգծեց, որ նոր երգը գրվել է Հովհաննես Շիրազի «Հայաստանի աղջիկները» բանաստեղծության հիման վրա, որն իր ամենասիրելի գործերից մեկն է. «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես եւ Lazzaro-ն ցանկանում էինք կրկին համագործակցել: Երբ նա ինձ երգից մի նմուշ ուղարկեց, ես սկսեցի այդ գործիքավորման հիման վրա անընդհատ երգել բանաստեղծության հատվածները: Այդպես շատ արագ ծնվեց երգը, կարծես միանգամից զգացի համադրությունը»:

Իվետա Մուկուչյանի «Հայաստանի աղջիկներ» տեսահոլովակի շնորհանդեսին


Նա նշեց, որ ռեժիսորն Արեն Բայադյանն է, ում հետ համագործակցել էր նաեւ «Սիրահարվել եմ քեզ» տեսահոլովակի շրջանակում: Իվետան ընդգծեց՝ այն կարծիքին էին, որ հոլովակում տարազ չպետք է լինի, եւ հայ աղջիկները պետք է ներկայանան նորաոճ, հետաքրքիր կերպարներով.«Հայ աղջիկներն այսօր շատ ճաշակով են, հասկանում են նորաձեւությունից, կիրթ են, իսկական դիցուհիներ եւ միեւնույն ժամանակ մի քիչ գժուկ են: Մենք ցանկացել ենք այդ ամենը դնել տեսահոլովակի հիմքում, եւ կարծում են՝ ստացվել է միտքը տեղ հասցնել: Կարելի է ասել՝ ամբողջովին ֆեմինիստական տեսահոլովակ է»:

Իվետան պատմեց, որ հոլովակի նկարահանումների մի մասն անցկացրել են Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ ընդհանրապես նկարահանումներ իրականացնել չի թույլատրվում: Բայց ի վերջո իրենց հաջողվել է համաձայնության գալ եւ որոշ հատվածներ նկարահանել Մինաս Ավետիսյանի կտավների ցուցասրահում.«Ստացվում է՝ հոլովակում առկա են նաեւ իմ սիրելի նկարչի՝ Մինասի գործերը, ինչի համար շատ ուրախ եմ ու շնորհակալ, քանի որ այդ կտավներն իսկապես շատ մեծ արժեք ունեն, մենք էլ փորձել ենք չվնասել, ոչինչ չփչացնել նկարահանման ընթացքում: Պատկերասրահի տնօրենն ասաց՝ «Դե, եթե Բեյոնսեն Լուվրում է նկարահանում իր տեսահոլովակը, ուրեմն մեր Իվետան էլ պատկերասրահում կնկարահանի» (ժպտում է,- հեղ.)»:

Իվետա Մուկուչյանը եւ Լուսինե Թովմասյանը՝ դստեր հետ


Երգչուհին նաեւ նշեց, որ պարուհիների հագուստներին էլ պատկերված են Մինաս Ավետիսյանի կտավները: Այդպիսով ցանկացել է իր մշակութային ճաշակը փոքր-ինչ ներդնել հոլովակում.«Զգեստների մասով համագործակցել եմ Մերի Ստեփանյանի հետ: Նա ինձ համար ժամանակակից հայուհու խորհրդանիշ է: Իմ այսօրվա զգեստն էլ է Մերին հեղինակել: Նրա ձեռագիրը շատ ինքնատիպ է, ծեծված ճաշակ չունի, շատ նորաոճ դիզայներ է, այդ պատճառով էլ մենք սիրով համագործակցեցինք: Փորձել ենք ընդգծել մեր հայուհիների գեղեցկությունը՝ միաժամանակ թիրախ ընտրելով այն, որ ոչ մի բաց տեսարան չլինի: Ի դեպ, վերջերս մտածում էի, որ ես նման տեսահոլովակ էլ չունեմ անգամ»,- կեսկատակ նկատեց Իվետան:

Իվետա Մուկուչյանի «Հայաստանի աղջիկներ» տեսահոլովակի շնորհանդեսին


Շնորհանդես-երեկոյի ընթացքում նրա նոր տեսահոլովակի դիտումն ավարտվեց բուռն ծափերով: Քիչ հետո Իվետա Մուկուչյանը նաեւ կենդանի կատարմամբ երգը ներկայացրեց հրավիրվածներին: Բեմում նրա հետ էին այն պարուհիները, ովքեր նկարահանվել են հոլովակում: «Ամեն անգամ նոր գործ թողարկելիս գնում ենք այն աշխարհ, հետ ենք գալիս»,- իր ելույթի ավարտին կատակեց երգչուհին:

Իվետա Մուկուչյանի նոր հոլովակն արդեն համացանցում է, այնպես որ դուք նույնպես կարող եք դիտել եւ կարծիքներով կիսվել մեկնաբանություններում:):

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին