×


Սրբուհի.“Լուսանկարում մերկ չեմ, բայց այդպես է երեւում”

“Դեղ” ռոք-խումբը 6 ամիս դադարից հետո հուլիսի 5-ին ակումբային մենահամերգով է հանդես գալու: “Դեղային” խմբի միակ աղջիկը Սրբուհին է` վոկալիստը, որի հետ BRAVO.am-ը զրուցել է առաջիկա համերգի, խմբի գործունեության եւ  իր համարձակ կերպարի մասին:

Սրբուհի Հովհաննիսյանը


“Անընդհատ թարմացնում ենք մեր երգացանկը, նոր երգեր են ծնվում, նույնիսկ հին երգերից որոշներն այլեւս չենք կատարելու: Այն ժամանակ ավելի շատ ալտերնատիվ ռոք էինք կատարում, վերջերս նաեւ պրոգրեսիվ ու էթնիկ գործեր կան մեր երգացանկում",- նշել է Սրբուհին:

Ռոք-խումբը, որը երեք տարվա պատմություն ունի, իր հեղինակային երգերը հիմնականում հնչեցնում է համերգների եւ ակումբային փոքրիկ մենահամերգների ժամանակ. “Բոլոր խմբերն էլ ֆինանսական խնդիր ունեն, մենք էլ շատ եկամուտ չունենք, բայց մեր սիրած երաժշտությունը մեզ ոգեւորում է:): “Երաժշտությունը մեր թմրադեղն է”. սա էլ մեր կարգախոսն է”:

19-ամյա աղջիկը չի պատկերացնում` ինչպես է առանց խմբի միայնակ երգելու, ասում է` խումբն իր մասնիկն է, ինքն էլ` խմբի մասնիկը. “Նախկինում շատ էի մտածում առանձին երգելու մասին, բայց հիմա, երբ պատկերացնում եմ, որ կարող է մեկ օր խումբս թողնեմ, վատ եմ զգում”:

"Լույսը փորձելու ընթացքում ստացվեց այս կադրը. մերկ չեմ, բայց այդպես է երեւում". Սրբուհի


Սրբուհի Հովհաննիսյանն իրեն ազատ ու համարձակ է համարում, բայց մերկ լուսանկարվելու պատրաստ չէ եւ ցանկություն էլ չունի.“Իմ կարծիքով` պետք չէ մարմինն ի ցույց դնել, որ ինչ-որ բան ապացուցես: Մեկ անգամ համարձակ լուսանկարվել եմ, բայց շատ պատահական. լույսը փորձելու ընթացքում ստացվեց այդ կադրը, որտեղ մերկ չեմ, բայց այդպես է երեւում:)”:

Ռոք-երգչուհին սովորել է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում, բայց ուսումը կիսատ է թողել, մտադիր է երաժշտական կրթություն ստանալ. “Երեւի կընդունվեմ Երեւանի պետական կոնսերվատորիա, ինձ պետք է երաժշտական լիարժեք հիմք, չեմ ուզում պարզապես վոկալ պարապել: Համերգից առաջ ավելի շատ ենք պարապում, պարտավորեցնող է հանդիսատեսի համար երգելը”:

"Երբ պատկերացնում եմ, որ կարող է մեկ օր խումբս թողնեմ, վատ եմ զգում". Սրբուհի


“Ես ունեմ իմ շրջապատը”. Սրբուհի

Սրբուհին նշել է, որ ժամանակի մեծ մասն անցկացնում է իր հարազատ մարդկանց հետ, երբեմն զարմանում է անծանոթների մտածելակերպից. “Մեկ-մեկ հանդիպում եմ սահմանափակ մարդկանց, որոնց մտածելակերպն ինձ համար աբսուրդ է: Զարմանալի է, որ քեզ չեն ընդունում այնպիսին, ինչպիսին դու կաս: Ինձ համար կարեւորը մարդու ներքին ազատությունն է, որը կարող է արտաքնապես չդրսեւորվել: Եթե չեմ համապատասխանում ինչ-որ մասսայի, ավտոմատ հեռու եմ մնում. ես ունեմ իմ շրջապատը, ինձ պես մտածող մարդիկ, որոնց հետ մտերմացել եմ վերջին տարիների ընթացքում”:

“Եթե դու ինքնավստահ ես ու կայուն քո որոշումների մեջ, ոչ ոք չի կարող ճնշել ու կոտրել քեզ”. Սրբուհի


Երգչուհին կարծում է` ինքնավստահությունը կօգնի չնկատել բացասական կարծիքները. “Եթե մարդ ազատ է, բայց փողոցում քայլելիս վախենում է, սկսում ամաչել, որ մյուսներին նման չէ, այդ մարդն անպայման կբարդույթավորվի եւ իր մասին վատ արձագանքներ կլսի: Երբ դու ինքնավստահ ես ու կայուն քո որոշումների մեջ, ոչ ոք չի կարող ճնշել ու կոտրել քեզ:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կատյա Ավետիսյանի, Կարեն Հովհաննիսյանի, Միքայել Պետրոսյանի, Դավիթ Կարապետյանի եւ Սրբուհի Հովհաննիսյանի անձնական արխիվից



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW