Այս շրջանում ֆրանսիական լրատվամիջոցները հանրահայտ երգահան Միշել Լեգրանի անունը հնչեցնում են ոչ թե նրա աշխատանքի, այլեւ անձնական կյանքի մասին խոսելու համար։ 82-ամյա երաժիշտը պատրաստվում է կյանքը կապել ոչ պակաս հայտնի անձնավորության հետ։ Հարսնացուն Մաշա Մերիլն է` ռուս արքայական ընտանիքից, սակայն ծնվել եւ մեծացել է Ֆրանսիայում, որտեղ էլ դերասանուհու կարիերա է կերտել։ 73-ամյա արտիստուհին գաղտնիքն առաջինը հայտնել է France 2 հեռուստաալիքի ճանաչված հաղորդավար Միշել Դրյուկերի հետ հարցազրույցում։ Նա խոստովանել է, որ չնայած տարիքին` իրենց հարաբերություններում սերն ու կիրքն են գերիշխում։
Մաշա Մերիլը եւ Միշել Լեգրանը
"Ամեն անգամ հանդիպելիս մեր սրտերը սկսում էին արագ բաբախել, այժմ արդեն կարող ենք տրվել մեր կրքերին"
Դերասանուհին պատմել է, որ չնայած Լեգրանի հետ միասին են միայն մի քանի ամիս, իրականում իրենց սերն ավելի խոր արմատներ ունի. իրար նկատել են 40 տարի առաջ: Անցյալում, սակայն, երկուսն էլ ամուսնացած են եղել եւ խեղդել են իրենց զգացմունքները մինչեւ այսօր։): Հիմա ամուրի են, իրար վերագտել են 2013 թվականին` այլեւս չբաժանվելու միտումով։ Ինչպես նկատում է Մաշա Մերիլը. "Ամեն անգամ հանդիպելիս մեր սրտերը սկսում էին արագ բաբախել, այժմ արդեն կարող ենք տրվել մեր կրքերին"։
Մաշա Մերիլը եւ Միշել Լեգրանը
Զույգը կպսակադրվի Ռիոյում
Աստղային զույգի հարսանեկան արարողությունը կկազմակերպվի սեպտեմբերին` Ռիո դե Ժանեյրոյում. հյուրերը կհամատեղեն տոնը ճամփորդության հետ։ Տեղի ընտրությունը բոլորովին էլ պատահական չէ, հենց այստեղ անցկացվող փառատոններից մեկի ժամանակ է, որ նրանք առաջին անգամ հանդիպել են։
Միշել Լեգրանը
Միշել Լեգրանն իր երրորդ կնոջ հետ ամուսնալուծվել է նախորդ տարի, երեք զավակի հայր է։ Մաշա Մերիլը եւս մի քանի անգամ է ամուսնական դաշինք կնքել, երեխաներ չունի, պաշտոնապես որդեգրել է իր նախկին ամուսիններից մեկի որդուն։ Էկրանից հայտնի տիկինը, ով նաեւ մի շարք գրքերի հեղինակ է, իր կարիերայի ընթացքում հայտնի է եղել որպես սրտեր գրավող եւ գայթակղիչ կին, մշտապես իրենից երիտասարդ ամուսիններ է ընտրել, սա առաջին դեպքն է, երբ սիրելին իրենից տարիքով մեծ է։
Պատրաստեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: