Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը Շոու-բիզնես մուտք գործելիս հաճախ խնդիր է առաջանում ընտրել այնպիսի բեմական անուն, որը լինի եւ հնչեղ, եւ տպավորիչ: Մեզ քաջ հայտնի աստղերը նույնպես ժամանակին մտորել են այդ հարցի շուրջ: Այսօր մենք նրանցից շատերին գիտենք իրենց բեմական կեղծանուններով եւ դժվար թե կռահենք` ում մասին է խոսքը, երբ հայտարարեն, ասենք` Վահան Գեւորգյան, Արմեն Գոնդրաչյան, Անի Մարտիրոսյան կամ Արամ Եղիազարյան: Մինչդեռ այսօր նրանք եւ ընտրել են անուններ, որոնցով էլ ճանաչում ու սիրում ենք նույն Ֆորշին, Արմենչիկին, Շպռօտին, Արամեին... Անդրե - Անդրեյ Հովնանյան. - Սկզբում, մոտ 5 ամիս, ընտելանում էի նոր անվանս (Անդրե անունով նրան 1998 թ-ին կնքեց երգիչ Հայկոն` Արթուր Գրիգորյանի համաձայնությամբ): Երբ առաջին անգամ Հակոբ Ռուբինյանը բեմից հայտարարեց այդ անունը, այնպիսի տպավորություն էր, ասես ուրիշ մարդու հայտարարեին: Իսկ երբ տարիներ հետո համերգներից մեկի ժամանակ հայտարարեցին` Անդրեյ Հովնանյան, մինչեւ բեմ դուրս գալս դահլիճում լռություն էր տիրում... Թեպետ այսօր շատերն արդեն գիտեն իմ իսկական անուն-ազգանունը: Ֆորշ - Վահան Գեւորգյան. - Ես շատ վաղուց եմ Ֆորշ: Այս անունն ինձ արդեն շատ հարազատ է դարձել թե կյանքում, թե բեմում: Սիրուշո - Սիրանուշ Հարությունյան. - Ինձ մանկուց տանը Սիրուշո են կոչել: Ես ինձ ավելի լավ եմ զգում որպես Սիրուշո, քան Սիրանուշ: Էմմի - Էմմա Բեջանյան. - Բեմական անունս ծնողներիս հետ եմ ընտրել: Պետք էր ընտրել այնպիսի անուն, որը համահունչ լիներ էությանս: Արմենչիկ - Արմեն Գոնդրաչյան. - Ժողովուրդն է ինձ այդ անունով կնքել: Դեմ չեմ լինի, եթե միշտ էլ Արմենչիկ կոչեն: Այն ասես դարձել է իմ անուն-ազգանունը: Անի Քիստի - Անի Մարտիրոսյան. - Երբ ծնվել եմ, հայրս ցանկացել է անունս դնել Անի Քրիստի, բայց թույլ չեն տվել: Մտնելով շոու-բիզնես` հայրիկիս խորհրդով որպես բեմական անուն ընտրեցի նրա երազած անունը` Անի Քրիստի: Արչի - Հրաչյա Մուրադյան. - Դպրոցական տարիներին ապրել եմ Մոսկվայում, եւ ռուս ընկերներս ինձ Արչի էին ասում: Երբ եկա «Հ1», Հրաչ Քեշիշյանն ինձ հարմար բեմական անուն էր փնտրում. ես էլ առաջարկեցի մոսկովյան կեղծանունս, եւ նա համաձայնեց: Շպռօտ - Անի Թովմասյան. - Ես որոշեցի հանդես գալ այս կեղծանունով, որպեսզի այն հեշտ մտապահվի եւ նույնիսկ մարդկանց զարմանք առաջացնի: Դա թարմ գաղափար էր, եւ Շպռօտ անունը լսելիս մարդիկ ամեն անգամ շոկ էին ապրում: Ու դա ինձ դուր էր գալիս: Արամե - Արամ Եղիազարյան. - Այս բեմական անունն ինձ առաջարկել է Մարինե Գյուլումյանը: Ես հավանեցի եւ համաձայնեցի հանդես գալ այդ անվամբ: Անչոկ - Աննա Աղաջանյան. - Առաջին անգամ բեմ բարձրացա հենց Անչոկ անունով, թեեւ բազմիցս հանդես եմ եկել նաեւ որպես Աննա Աղաջանյան: Արման Էլբերտ - Արման Մաղաքյան. - 90-ականների կեսերին պետք է մեկնեի «Նովայա վոլնա» միջազգային մրցույթ-փառատոնին եւ որոշեցի ունենալ նոր, բեմական անուն: Երկար մտորելուց հետո անվանս կողքին ավելացրեցի հայրիկիս` Ալբերտի ձեւափոխված անունը: Արմինկա - Արմինե Նահապետյան Հայկո - Հայկ Հակոբյան Լիանա - Լիանա Ալավերդյան Իկա - Իսկուհի Ազարյան Արամո - Արամ Գեւորգյան Թաթա - Ալբերտ Սիմոնյան Մուրզիկ - Արա Թորոսյան Սերժո - Սերժ Սիմոնյան Հայկո («Հայ տղեք») - Հայկ Մարգարյան Միշո («Հայ տղեք») - Միքայել Աբրահամյան Անվան վերափոխում Գլյուկոզա - Նատաշա Իլիոնովա Անգինա - Նատաշա Իգոշինա Մոբի - Ռիչարդ Մելվիլլ Հոլլ Գվեն Ստեֆանի - Գվեն Ռենե Ստեֆանի Նիկոլ Շերցինգեր - Նիկոլ Ելիկոլանի Պրեսկովիա Շերցինգեր Ջոնի Դեփ - Ջոն Քրիստոֆեր Դեփ Օռլանդո Բլում - Օռլանդո Ջոնաթան Բլանչարդ Բլում Անջելինա Ջոլի - Անջելինա Ջոլի Վոյտ Բրեդ Փիթ - Ուիլյամ Բրեդլի Փիթ Թիմաթի - Թիմուր Յունոսով Ալեքսա - Ալեքսանդրա Չվիկովա Մականունը... Եթե անուն յուրաքանչյուրս ունենք մեկը, երկուսը, ծայրահեղ դեպքում երեքը` նայած որ երկրում ես ծնվել, սակայն մականունը հիմնականում մեկն է` դիպուկ ու, որպես կանոն, շրջապատի համար ծիծաղելի: Մականունը ճշմարտության նման է. դրանից չեն խուսափել անգամ թագավորներն ու նախագահները: Ի տարբերություն անվան` մականունները ծնվում են ոչ թե անվանելու, այլ բնութագրելու համար: Դրա համար էլ մականունները շատ ավելի դիպուկ են եւ ավելի շատ բան են ասում տիրոջ մասին, քան անունը: Առաջին ազգանունները եւ անունները սկզբում մականուններ են եղել, դրանք կիրառվել են մարդուն առանձնացնելու, տարբերելու համար: Ժամանակի ընթացքում մականունն ավելի մեծ կարեւորություն է ձեռք բերել: Դրանով բնութագրել են մարդու կատարած գործը եւ արտահայտել նրա մասին ունեցած հասարակական կարծիքը: Մականունները բազմաթիվ տեսակներ ունեն` մարմնի կառուցվածքից սկսած մինչեւ բնավորության ամենանուրբ շերտերը բացահայտող: Զարմանալի է, բայց հիմար թվացող, անիմաստ մականունները խոսում են ջերմ եւ մտերիմ վերաբերմունքի մասին: Մականունը, ինչպես ճշմարտությունը, ոչ միշտ է հաճելի: Դրա համար էլ բազմաթիվ բարդույթների պատճառ է դառնում: «Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ երեխաներն ավելի հաճախ են մականուններ ունենում, քան մեծերը: Դրա պատճառն այն է, որ երեխաներն ավելի անկեղծ են եւ ուղղակի ասում են այն, ինչ մտածում են: Մականուն տալով` երբեմն ուզում են վնասել դիմացինի հեղինակությունը, փոխանցել նրա հանդեպ ունեցած սեփական վատ վերաբերմունքը: Ամենից շատ հենց երեխաներն են լուրջ վերաբերվում դրանց: Մականունները չպետք է բարդույթների պատճառ դառնան, դրանք ժամանակավոր են եւ ինչ-որ մեկի սուբյեկտիվ կարծիքն են արտահայտում: Պարզապես երբեմն պետք է մտածելու տեղիք տան` ինչն ես սխալ արել, որովհետեւ մականուն ունեն բոլոր երեխաները, բայց վիրավորական մականուններ ունենում են մեկուսացած, վատ սովորող, ագրեսիվ կամ շատ թույլ, ֆիզիկական խնդիրներ ունեցողները: Ամեն դեպքում, պետք է մտածել, որ դա ինչ-որ մեկի կարծիքն է քո մասին, եւ ինքդ ես որոշում` որքանով է այն օբյեկտիվ եւ կարեւոր քեզ համար»,- ասաց հոգեբան Աննա Հակոբյանը: Եթե անկեղծ լինենք, կխոստովանենք, որ յուրաքանչյուրս էլ ունեցել ենք կամ ունենք գոնե մեկ մականուն: Սակայն հայ հայտնիներից շատերը խուսափեցին նշել անգամ իրենց դպրոցական կամ ընկերական շրջապատում ունեցած մականունը, ինչը նշանակում է, որ լավագույն դեպքում կամ մոռացել են, կամ էլ, որն ավելի հավանական է, դեռ չեն ձերբազատվել բարդույթներից մականուններին ժպիտով ու թեթեւ վերաբերելու համար: Ռիփի. - Դպրոցում ինձ Բարբի էին ասում, չեմ էլ հիշում` ով առաջինը ասաց, բայց երրորդ դասարանից մինչեւ տասներորդը ինձ հաճախ այդպես էին դիմում: Ընկերներս էլ ասել են` Ռիպ, Ռիպա: Փոքր ժամանակ, քանի որ թուխ էի, հաճախ նաեւ նեգր էին ասում: Շատ էի նեղանում, ուզում էի սպիտակել, բայց հիմա իմ թխությունն ինձ դուր է գալիս: Հիմա հաճախ ասում են` ինչ սիրուն արեւայրուք ես ստացել, բայց դա իմ մաշկի գույնն է: Իհարկե, այնքան էլ ճիշտ չի մականուններով իրար դիմելը, բայց եթե դա չի վիրավորում ու սազում է, ինչո՟ւ ոչ: Էրիկ Կարապետյան. - Դպրոցում, հարեւանները, ընկերներս ինձ Էրոս էին ասում: Այդ ժամանակ Էրոս Ռամազոտտին արդեն հայտնի էր, ու ինձ էլ հենց նրա անունով էին կոչում: Բայց ածական չեմ ունեցել, միշտ Էրիկ են ասել: Ածականներ ընդհանրապես չեմ սիրում, դրանք ավելի շատ շներին են հարմար, քան մարդկանց: Եթե մարդն ունի անուն, դա հենց այնպես չէ, պետք է այդպես էլ նրան դիմել: Դավո. - Գիրությանս համար ինձ դպրոցում բուլկի էին ասում: Կարծեմ, յոթ տարեկանում դա հորինել էր իմ դասարանցի Գոռը: Հետո ուրիշ դպրոց տեղափոխվեցի ու մականունս մոռացվեց: Հիմա մականուն չունեմ, բայց ընկերներիս, ծանոթներիս շրջանում շատերը կան, որ ունեն: Ես շատ լուրջ չեմ վերաբերում մականուններին, երբեք դրանց պատճառով չեմ վիճել որեւէ մեկի հետ: Կուզեի, որ ընդհանրապես ավելի հանգիստ վերաբերեվին մականվանը եւ չվախենային, որ հանկարծ մեկը կիմանա դրա մասին: Անահիտ Շահբազյան - Հատուկ մականուն չունեմ, պարզապես երգչուհի Անահիտ Սիմոնյանից տարբերելու համար ինձ հաճախ Շահբազ են ասում: Մականուններ այնքան էլ չեմ սիրում, սակայն դրանց դեմ չեմ, եթե վիրավորական չեն: Ընկերներիս երբեմն դիմում եմ անվան կրճատ ձեւով, օրինակ, Լանային` Լանուշ եւ այլն, բայց դա անում եմ պարզապես պաշտոնական չդիմելու համար: Ջուս - Շատ մականուններ եմ ունեցել: Դպրոցից սիրել եմ Մայքլ Ջեքսոնի արվեստը, հաճախ նմանակում էի նրա երգելաոճը, պարի շարժումները: Դրա համար էլ ինձ շատերը «Ջանեթ Ջեքսոն» էին ասում: Գանգուր մազերիս համար մեր դասարանի տղաները մինչեւ ութերորդ դասարան ինձ պուդել էին ասում: Դրանից շատ էի նեղանում, բայց ուշադրություն չէի դարձնում դրանց վրա: Հիմա տանը երբեմն ինձ Մուսիկ էլ են ասում: Իսկ վերջերս «Կոլիզեյի» պարուհիների հետ որոշեցինք իրար հին հայկական անուններ դնել` մեկին Պայծառ, մյուսին` Պերճուհի, իմը Երջանիկ է: Անունս առանց այն էլ էկզոտիկ է` Ռուսաստանում է ծնվել, ընդհանրապես սիրում եմ չվիրավորող մականուններ: Արչի - Իսկական անունս Հրաչյա է, բայց աշխարհում միայն երկու մարդ կա, որ ինձ միշտ Հրաչյա է ասում` մայրս եւ տատիկս: Դպրոցում տարբերվելու համար իրար անուններ էինք դնում, իմը դժվար էր արտասանելու համար, դրա համար էլ, տառերը տեղափոխելով, Արչի դարձավ: Մոսկվայում սովորելու տարիներին կուրսի աղջիկների հետ էլ էի բավական մոտ, ու նրանք ինձ կատակով «պտենչիկ» էին ասում: Չեմ կարող ասել, որ անունս սիրում եմ, չեզոք վերաբերմունք ունեմ, բայց հիմա ինձ ավելի շատ Արչի են ճանաչում, քան Հրաչ, ես էլ արդեն սովորել եմ դրան: Հասմիկ Ղարիբյան - Իմ բոլոր ընկերները գիտեն, որ չեմ սիրում, երբ ինձ Կարգին Հասո են ասում: Հոգնել եմ այդ անունից. մականուններ ընդհանրապես չեմ սիրում: Ինձ համար ցանկացած մականուն ավելի շուտ բացասական նշանակություն ունի: Չեմ թաքցնի` ես էլ եմ շատերին մտքումս մականուններ կպցնում, բայց հաճախ բարձրաձայն չեմ արտահայտվում: Կան մարդիկ, ում տեսնելիս շատ կոպիտ մականուններով եմ հիշում, եւ եթե փորձում են ինձ մականուն կպցնել, աշխատում եմ դնողին պարտք չմնալ եւ մի բան էլ ավելին փոխհատուցել: Մականուններ եւ բարդույթներ ունեն ոչ միայն հայ հայտնիները, այլեւ համաշխարհային հռչակ ունեցող աստղերը, որոնց մականունները փորձեցինք բացահայտել համացանցի միջոցով: Նիքոլ Քիդման Դերասանուհին խոստովանել է, որ դպրոցում իրեն միշտ առանձնացրել է մյուսներից, եւ երկար ձեռքերի, ոտքերի ու խիստ նիհար լինելու համար դասարանցիներն իրեն ձկնկուլ են ասել: Մաշա Մալինովսկայա Հաղորդավարուհի, ներկայումս պատգամավոր Մաշա Մալինովսկայան իրեն միշտ տգեղ է համարել. դպրոցում երբեք ուշադրություն չի գրավել, ինչի համար էլ ստացել է ճանճասպան (մուխոմոր) մականունը: Ումա Թուրման Դերասանուհին իր տարօրինակ անվան եւ բարձր հասակի պատճառով ունեցել է աշտարակ մականունը: Այսօր էլ, երբ իրեն ասում են, թե գեղեցիկ է, չի հավատում: Ջուլիա Ռոբերթս Լայն ժպիտի եւ հաստ ապակիներով ակնոց դնելու համար դերասանուհուն դպրոցում գորտ են ասել: Դիմա Բիլան Երգչին դպրոցում սկյուռիկ բառից առաջացող հնարավոր բոլոր մականուններն են տվել: Ինձ էլ դպրոցում «սամալյոտ բռնող» էին ասում. Նաիրա Գուլոյան Տեքստը` “Ե՞ս Yes” ամսագրի Լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի եւ Bravo.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: