×


Գրիգոր Խանջյան

Գրիգոր Խանջյան

Նկարչից տասը տարի խլած որմնանկարների խորհուրդը Արա Խանջյանի համար բավական ծանր է գտնվել Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան ցուցասրահում: Անվանի գեղանկարիչ, գրաֆիկ Գրիգոր Խանջյանի որդին հոր` “Հայոց այբուբենի ստեղծումը”, “Վարդանանց ճակատամարտը” եւ “Հայաստանի վերածնունդը” եռամաս որմնանկարը տեսնելիս խառը զգացողություններ է ունենում. “Գաղտնիք ասեմ` երբ հայրս աշխատում էր այս նկարի վրա, ժամանակ եղավ` միակը ես էի, որ ասում էի` մի արա, որովհետեւ ամեն օր, երբ գալիս էի իրեն տուն տանելու, տեսնում էի առողջական վիճակը… Բայց ասում էր` “ուզում եմ, որ ինձնից հետո մի բան մնա, չգիտեմ` ինչ է մնալու, բացի սրանից”: Երեւի ճիշտ էր: Հիմա ես ուրախ եմ, որ վերջապես նկարը բացվեց, գնահատվեց ու ավելի կարժեւորվի”: Ara & Seda “Օրհնությունը` ձեզ, գնահատանքը` Գրիգոր Խանջյանին”: Տեր Ասողիկը այս խոսքերով բացեց փետրվարի երեքին Խանջյան ցուցասրահում  կայացած “Գրիգոր Խանջյան. որմնանկարների խորհուրդը” խորագրով միջոցառումը: Արվեստի հետ հանդիպելու էր եկել նաեւ Ջիմ Թորոսյանը: Ճարտարապետը անգամ “դիտողություն” արեց, թե ցուցասրահում հյուրերի համար նախատեսված աթոռները պետք է որմնանկարի դիմաց դրվեին: “Գրիգորի հետ ընկերներ ենք եղել վաղուց ի վեր: Նա` Գեղարվեստի, ես Ճարտարապետության ինստիտուտ ընդունվեցի: Միասին ենք մեծացել, մտածել, խոսել… Հիշում եմ` դեռ շատ-շատ երիտասարդ էինք, երբ իմ նախագծերն էի անում, Գրիգորը հարցնում էր` պետք չէ՟ կողքը ծառեր, ժողովուրդ նկարել:)”,- նշեց Ջիմ Թորոսյանը: Jim Torosyan “Այս հրաշալի որմնանկարը ժամանակին ցուցադրվել է Նկարիչների միությունում: Գիտեք` տարօրինակ բան կատարվեց. նկարը նայելու համար մեծ հերթեր էին գոյանում: Երբ տարիներ անց Գրիգորը այստեղ էր աշխատում որմնանկարների վրա, ես հաճախ էի գալիս գործընկերներիս հետ: Ավելին ասեմ` բակում աշխատող շինարարները եւս գալիս, հարցնում էին` կարելի՞ է նայել, կանգնում, հետեւում էին` ինչպես է Գրիգորն աշխատում: Երբ նա դուրս էր գալիս, դահլիճի կենտրոնում էին կանգնում ու ավելի ուշադիր նայում”,- ճարտարապետը Գրիգոր Խանջյանի մասին պատմելու շատ բան ունի:): Արվեստաբան, խանջյանագետ Վարդիթեր Գաղամելյանը ասաց` մայրանալ պատրաստվելիս հաճախ է նայել Խանջյանի վերոնշյալ նկարներին. “Նկարիչների տանը տեսնում էի` ինչպես են մարդիկ համարձակորեն մոտենում վարպետին, զրուցում հետը: Ես չէի համարձակվում, պարզապես հուզված նայում էի, ինքս իմ մեջ զավակիս հետ խոսելով, նրան պատմում` թե ինչ է կատարվում այս գոբելեններում: Գուցե այդ զրույցներս նպաստեցին, որ զավակս, իրոք, մեծ հայրենասեր մեծացավ”: Grigor Khanjyan “Ես այն ժամանակ չէի պատկերացնում, որ այդ ստվարաթղթերը պետք է այլեւս իմ եւ մեր հայրենակիցների աչքին չներկայանան: Փառք Աստծո, հիմա մենք հնարավորություն ունենք տեսնելու, վայելելու ու գնահատելու այս եռապատկերը”,- իր խոսքում նշեց խանջյանագետը: Գրիգոր Խանջյանի դուստրը` Սեդան եւս շեշտեց, որ երկար ճանապարհ է անցել որմնանկարը. “Կարեւորը, իրոք, 2009 թվականի նոյեմբերին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացումով հնարավոր դարձավ, որ ժողովուրդը կրկին տեսնի նկարները”: Երեկոն եզրափակվեց Գրիգոր Խանջյանի մասին պատմող ֆիլմով: “1998 թվականին է նկարահանվել. հարցազրույց է հորս հետ: Ինձ թվում է` նկարիչը ձեր գրեթե բոլոր հարցերին այս ֆիլմում պատասխան կտա”,- ասաց Սեդա Խանջյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW