Մարգարտե ու մեղեդային սիմուլակրումը ներկայացվեց ՆՓԱԿ-ում մարտի 15-ին անկյուն չկար, որ արվեստով լցված չլիներ: Ստեղծագործական ակտի հիմքում Վերմեերի “Մարգարտե ականջօղով աղջկա” 33 ձեւափոխություններն էին, շարքի վիդեոանիմացիան եւ այն ուղեկցող երաժշտությունը` նվագախմբի կենդանի կատարմամբ: Նարեկ Ավետիսյանի ստեղծած կտավներում “Մարգարտե ականջօղով աղջիկը” այնպիսին է, ինչպես այն կպատկերեին, օրինակ, դասականներից Բոսխը, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Ռեմբրանտը, Դա Վինչին, մոդեռնիստներից Մալեւիչը, Պիկասոն, Միրոն, Սալվադոր Դալին, հայ հեղինակներ Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը, Աշոտ Հովհաննիսյանը եւ ուրիշներ: Սիմուլակրում նախագիծը հիմնված է 17-րդ դարի հոլանդացի հանրահայտ նկարիչ Վերմեերի կտավի 33 պատճեն-վարիացիաների վրա` կատարված ըստ համաշխարհային, այդ թվում` հայ գեղանկարչիների անհատական ոճերի: Վահան Արծրունին էլ շարքի համար երաժշտություն է գրել: Bravo.am-ը առաջիններից էր, ով դեռեւս նախորդ տարի նկարչի արվեստանոցում տեսավ ու ներկայացրեց “Վերմեերի 33 ձեւափոխությունները”: Սիմուլակրում նախագծի էությանը ծանոթանալու համար, ինչպես նաեւ կտավների եւ երաժշտության համադրության թեմայով արվեստագետների հետ մեր զրույցը ցանկության դեպքում վերհիշիր այստեղ` http://www.bravo.am/news/narek_avetisyan_vahan_artsruni/: Մինասի նման` որդու վրձնով “Այսօր բավական երջանիկ եմ, որովհետեւ իրականացած տեսա գաղափար, որով արդեն հինգերորդ տարին է` ապրում եմ”,- ասաց Նարեկ Ավետիսյանը: Հանրահայտ նկարիչ Մինասի որդին Bravo.am-ին տեղեկացրեց` հոր ոճով կտավը վերջում է հանձն առել ստեղծել՝ ցուցահանդեսից երկու ամիս առաջ. “Չէի համարձակվում, նույնիսկ սխալ էի համարում, բայց մի բան, այնուամենայնիվ, ինձ դրդեց: Փորձեցի ոչ թե նրա մոտեցմամբ նկարել այնպես, ինչպես կարող եմ, այլ այնպես, ինչպես իրեն կճանաչեն: Եթե փորձեի նկարել Մինասի նման, բոլորովին ուրիշ գործ կլիներ: Մինասի ձեռագիրն եմ ներկայացրել”: Լիարժեք տպավորություն արվեստից “Ես ու Նարեկը ապրել ենք այս ստեղծագործական ընթացքը եւ այսօր այդ հանգույցը գոցվեց: Հիմա կյանքը շարունակվելու է, տեսնենք` հետագայում ինչ ենք անելու”,- նշեց Վահան Արծրունին: Սիմուլակրում նախագծի երաժշտության հեղինակը շեշտում է` արվեստի խնդիրը միջավայր ստեղծելն է. “Նախասրահում նաեւ Նարեկի ֆրակտալներն են, այստեղ` վիդեոարտը` պատի վրա եւ նվագախմբի ներկայությունը ստեղծում են արվեստի որոշակի դաշտ, որում տեղավորված հանդիսատեսը կամ արվեստով հետաքրքրվողը ստանում է լիարժեք տպավորություն արվեստից: Սա այն խնդիրն է, որը եւ պետք է լուծի արվեստը մեծ առումով: Այս նույն միջավայրը պետք է ստեղծվի ազգի, պետության մեջ, քաղաքում: Երբ դա տեղի ունենա, կհամարենք, որ հաջողված հանրություն ունենք, լավ երկիր` ապրելու, ստեղծագործելու եւ կրթվելու համար”: “Երաժշտության շնորհիվ նկարներից տպավորությունն առավել ուժեղ է”. Մադաթ Ավանեսով Նարեկ Ավետիսյանը նշեց` շատ անգամներ կարող է լսել Վահան Արծրունու ստեղծած գործն ու չձանձրանալ: Իսկ երաժշտությունը նվագախմբի համար փոխադրել է Մադաթ Ավանեսովը եւ որպես դիրիժոր ղեկավարում է այն հնչեցնող 30 հոգանոց խումբը: Մինչ իր գործը կատարելը` գործիքավորողը, բնականաբար, նայել է կտավները. “Շատ տպավորիչ է ամբողջը: Ինձ համար սա նոր խոսք է: Նման աշխատանքներ կարող է կային, բայց ազնիվ եմ ասում, ես առաջին անգամ եմ տեսնում նման մոտեցում: Վահանն էլ աշխատել է այդ նկարչական տրամադրությունը փոխադրել երաժշտության: Ստեղծագործությունը երեք մասից է կազմված` սկսվում է, հետո զարգացում ապրում, վերջում էլ կրկնվում է առաջին մասը. մեր սկզբնօրինակին ենք վերադառնում: Ինձ թվում է` երաժշտության շնորհիվ նկարներից տպավորությունն առավել ուժեղ է”: Մուլտիմեդիա տրամադրություն “Իրոք, երեւի իդեալական վիճակ է, երբ ձայնային ու վիզուալ ինֆորմացիան իրար հետ զուգակցվում են, համալրում իրար: Շատ հետաքրքիր մուլտիմեդիալ տրամադրություն է ստեղծվում, որը շատ զգայարանների վրա է միանգամից ազդում”,- ասաց նկարչուհի Նանա Արամյանը: Նարեկ Ավետիսյանի կինը, իր անձնական նախասիրությունները հաշվի առնելով, 33 ձեւափոխություններից առավել հավանում է սյուրռեալիստական շարքը. “Նարեկն ասաց` հատուկ ինձ համար է անում: Չափազանց զգացած է Քոչարը. շատ-շատ եմ հավանում նրան, ինձ համար մեծագույն հեղինակություն է, Նարեկն էլ է պաշտում”: Ի դեպ, շարքում Նանայի հոր` անվանի նկարիչ Վաղարշակ Արամյանի ոճով կտավ չկար: Նկարչուհին չգիտի պատճառը:). “Բայց ինձ թվում է` Նարեկը շատ լավ կաներ, որովհետեւ տեսնում եմ, որ դերի մեջ մտնելն ու զգալը իր մոտ բավական լավ է ստացվում, մանավանդ եթե խորապես ծանոթ է նկարչին: Որոշ մարդիկ անգամ քոչարյան ոճով նկարը կարծում են` հայրիկիս թեմայով է արել”: “Արվեստի հոգին պահպանելու խնդիր կա” “Նարեկն իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում հետազոտության, պրպտումների մեջ է, իր համար դա կենսական նշանակություն ունի: Ամեն կերպ ուզում է հաղթահարել այն վախն ու սարսափը, որ մեզ տվեց 20-րդ դարը: Այն վախճանաբանական գաղափարները, որ արվեստը մի օր կմեռնի, որ էլ արվեստում անելու բան չկա: Ինչն էլ Նարեկի համար հիմք դարձավ ապացուցելու այն գաղափարը, որ արվեստը իրականում չի կարող մեռնել. արվեստի տեխնոլոգիաների հետազոտություն: Արվեստի հոգին պահպանելու խնդիր կա: “Մարգարտե ականջօղով աղջկա” փոխարեն կարող էր Մոնա Լիզայի կերպարը լինել կամ ցանկացած այլ գործ: Իրականում դա նշանակություն չունի, պայմանական բնօրինակի վրա ցույց է տալիս, որ այդ բնօրինակը կարող է անընդհատ ձեւափոխվել` բնօրինակը բնօրինակ չէ, մյուսն է բնօրինակ, հետո պարզվում է` մյուսն էլ բնօրինակ չի… Անընդհատ փոխակերպումների պրոցեսը ցույց է տալիս, որ մարմինը, այսինքն` արվեստի արտաքին, տեսողական ձեւերը կարող են փոխվել, բայց էությունը միշտ կա, որովհետեւ մարդը չի կարող չստեղծագործել”,- ասաց արվեստաբան Լիլիթ Սարգսյանն ու հավելեց. “Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ ոչ թե արտաքնապես. Աստված չունի կերպարանք, մարդիկ են հորինել: Աստծո ստեղծագործելու, արարելու ջիղն է ներդրված մարդու մեջ: Արվեստի հավերժականության հարցն է”: Գրող, դերասան, թատրոնի ռեժիսոր ԳարՍուն էներգիա ստացավ երեկվա ցուցահանդեսից. “Այնքան լավ լիցքեր կան այս ամենի մեջ, որ ուղղակի պետք է գնալ ու ասել, եթե մտերիմ ես` Նարեկ ջան, շնորհավորում եմ, շնորհակալություն: Եթե այդքան էլ մտերիմ չես, պետք է մտերմանաս ու նորից ասես` Նարեկ ջան, շնորհակալ եմ, շնորհավորում եմ:)” “Մարգարտե ականջօղով աղջկա” 33 ձեւափոխությունները դու էլ տես` այցելելով Նորարար փորձառական արվեստի կենտրոն մինչեւ մարտի 30-ը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: