Մրցույթը կանցկացվի Բոդրումում “Միսս 7 մայրցամաք” գեղեցկության միջազգային մրցույթ-փառատոնը, որ 2009-ին եւ 2010-ին կայացել է Երեւանում, այս տարի անց է կացվելու թուրքական Բոդրում քաղաքում սեպտեմբերի 20-ից 30-ը: Հայաստանը ներկայացնելու է “Հայաստանի արքայադուստր-2010” գեղեցկության մրցույթի հաղթող, “Հ1”-ի սերիալային դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը: “Առհասարակ, պարտադիր չէ, որ մրցույթը միայն մեկ երկրում անցկացվի: Կարող է վաղը լավ հրավեր լինի Վենեսուելայից կամ Էստոնիայից, որոշենք այնտեղ անցկացնել: Հայաստանում չկան լավ պայմաններ. ավիատոմսերը թանկ են, հովանավորները՝ քիչ: Նաեւ սննդի հարցում ենք խնդիրներ ունեցել, որովհետեւ մոդելները, մասնակցելով տարբեր մրցույթների, գիտեն, որ սնունդն անվճար է ու իրենց հայեցողությամբ, իսկ հայ հովանավորների հույսին մնալով՝ լիարժեք սնունդ չենք ապահովում: Անվտանգության հարցն է մեզ մոտ շատ բարձր մակարդակի վրա”,- ասաց մրցույթի հիմնադիր ու կազմակերպիչ, “Միսս եւ Միստր Աշխարհ” միջազգային կազմկոմիտեի ղեկավար Աշոտ Խաչատրյանը: Երեւանյան մոդելային մրցույթը Թուրքիա տեղափոխելու մասին նա հետեւյալն ասաց. “Թուրքիայում առաջարկվող պայմանները լավն են, կա ծով, նավ, չկա ոչ մի քաղաքականություն: Մրցույթը կազմակերպում ենք հայերով, հայկական դրոշը, երաժշտությունը չենք մոռանում, մոդելներին տանում ենք այնտեղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Թուրքիայում ստեղծում ենք հայկական մթնոլորտ”: Աշոտ Խաչատրյանը նշում է՝ “Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգա” -ն հաջորդ տարի կազմակերպվելու է Հայաստանում. “Այս մրցույթին հիմնականում մասնակցում են պրոֆեսիոնալ, միջազգային մրցույթների փորձ ունեցող մոդելներ, իսկ “Միսս 7 մայրցամաք”-ին կարող են մասնակցել նաեւ իրենց առաջին քայլերն անող աղջիկները, որոնք չունեն միջազգային փորձ”: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում մոդելային բիզնեսը մեծ բարձունքների չի հասնում ոչ թե գեղեցիկ ու բարձրահասակ մոդելների չլինելու, այլ նրանց բարդույթավորված լինելու պատճառով, ու թեեւ քիչ են հայ մանեքենուհիները, բայց Հայաստանը ներկայացնելու առիթներ հաճախ են լինում: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` “Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգա-2011” մրցույթի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: