×


«Արտավազդ 2023». «Միզերի»-ի հաղթարշավը, Տաթեւ Ղազարյանի 4-րդ մրցանակն ու Ելենա Վարդանյանի խմելու առաջարկը

Ամեն տարի թատրոնի միջազգային օրը Հայաստանում նշվում է «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ: 22-րդ անգամ անցկացված միջոցառման հաղորդավարները դերասաններ Լուիզա Ներսիսյանն ու ԱՄՆ-ից ժամանած Հովհաննես Բաբախանյանն էին:

2023-ի «Արտավազդ»-ը նվիրված էր նախորդ տարի կյանքից հեռացած արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանին, որի մասին տեսանյութը դիտելուց հետո դահլիճը մի քանի րոպե հոտնկայս ծափահարում էր:

Միջոցառումը սկսվեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի շնորհավորանքներով եւ վերջին մեկ տարվա ընթացքում կյանքից հեռացած արվեստագետներին հիշելով:


«Հրաշալի ժամանակակից հայ թատրոն ունենք, հիանալի դեմքեր, վարպետներ, արդեն միջին սերունդ ու ամենակարեւորը՝ անկրկնելի երիտասարդություն: Թատերական ինստիտուտը նոր ավարտած, ստեղծագործական ավյունով լցված ու լուրջ հավակնություններով են, ինչը հաճախ զայրացնում է մեծերին: Կարող ենք հանգիստ լինել՝ հայ թատրոնի վաղվա օրը տեսանելի է, ինչը չէր կարելի ասել 15 տարի առաջ: Շնորհավորում եմ բոլորիս այս հիանալի տոնի առիթով»,- ասաց նա:

Ղազանչյանը խոսեց նաեւ թատերական կյանքում տեղի ունեցող ցնցումների ու չակերտավոր նորամուծությունների մասին՝ ակնարկելով «Գոյ» թատրոնը: Չի ընդունում փակելու որոշում կայացնելը. «Փակ տարածքում ենք սկսել ապրել, ու ոչ մի քննարկում տեղի չի ունենում: Մենք պետք է սովորենք նաեւ դիմակայել այդ ամենին, հասկացնենք պետությանը, որ զրույցների մեջ վատ բան չկա ու դրանից ավելի շատ իրենք են շահելու: Եկեք պինդ մնանք»,- կոչ արեց նա, ու բեմն արդեն մրցանակակիրների տրամադրության տակ հայտնվեց:


Առաջին հատուկ մրցանակը Վահե Շահվերդյանի անվան էր, որը հանձնեց նրա որդին՝ Սուրեն Շահվերդյանը: Այն «Ռեւիզոր» ներկայացման համար ստացավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:

Թեեւ գլխավոր մրցանակները սովորաբար հանձնվում են վերջում, բայց մենք հենց դրանցից էլ կսկսենք: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց ու իր 4-րդ «Արտավազդ»-ը «Միզերի» ներկայացման համար ստացավ Տաթեւ Ղազարյանը: Նա բեմ բարձրացավ ու այնտեղից իջավ բուռն ծափահարությունների ներքո:


«Շատ շնորհակալություն, ամենահիշվող մրցանակն այս ծափահարություններն են: Առաջին անգամ է, որ պարգեւ եմ ստանում ու չեմ ներկայացնում իմ հարազատ Համազգային թատրոնը: Բայց ոչ պակաս հարազատ Գյումրու թատրոնից եմ այսօր, սիրելիներս, դուք անզուգական եք: Սա նաեւ իմ խաղընկեր Արսեն Սաղաթելյանի մրցանակն է, առանց որի ոչինչ չէր ստացվի, ու, դե, իմ անկրկնելի ռեժիսոր Գոռ Մարգարյանինը: Բոլոր դերասաններին մաղթում եմ գոնե մեկ անգամ աշխատել նրա հետ»,- ասաց դերասանուհին:

Լավագույն դերասանը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում նրա խաղընկեր Նարեկ Բաղդասարյանն է՝ «Խատուտիկի գինի» ներկայացման մեջ 12-ամյա Թոմ Սփոլդինգի դերի համար:


«Ուրախ եմ, բայց մի քիչ էլ տխուր: Երկու տարի առաջ լավագույն երիտասարդ դերասանն էի. արդեն մեծացել եմ: Շնորհակալ եմ իմ սիրելի ու ամենաֆանտաստիկ թատրոններից մեկի աշխատակազմին, Նարինե Գրիգորյանին, ով ժամանակակից հայկական թատրոնի եւ արվեստի լավագույն երեւույթներից է»,- նշեց Բաղդասարյանը:

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում 2 հաղթող կա՝ Ջեմմա Ադամյանը («Սպասում», Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն) եւ Անահիտ Վասիլյանը («Ռոմեո եւ Ջուլիետ», Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն): Իսկ լավագույն երիտասարդ դերասանը Սեյրան Մովսիսյանն է («Սիրելի Ելենա Սերգեեւնա», Պատանի հանդիսատեսի թատրոն):

Ահա եւս մի քանի անվանակարգերի հաղթողները՝ «Լավագույն ներկայացում»՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» (Օլեգ Վինոգրադով, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն), «Լավագույն կամերային ներկայացում»՝ «Կեղծ նոտա» (Լեւոն Ուզունյան, Ստանիսլավսկու անվան թատրոն), «Լավագույն մանկական ներկայացում»՝ «Կոշկավոր կատուն» (Սամսոն Մովսեսյան, Պարոնյանի անվան թատրոն), «Ալիսի երազում» (Մերի Կիրակոսյան, Մնջախաղի թատրոն):


Լավագույն երիտասարդական ներկայացման հաղթողներին հայտնելու համար իր դստեր՝ Լուսինեի հետ բեմ բարձրացած ՀՀ ժողովրդական արտիստ, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը հետաքրքիր նախաբանով սկսեց իր խոսքը. «Ծրարը բացելուց առաջ փակելու մասին խոսեմ: «Գոյ» թատրոնն ինչ դժվարությամբ ստեղծվեց, ու հիմա նման բան է տեղի ունենում նրա հետ: Ընդունում եմ, որ սխալներ կարող էին լինել, բայց կարելի է դրանք ուղղելու հնարավորություն տալ, հակառակ դեպքում վատ ենք վարվում Արմեն Մազմանյան արվեստագետի հիշատակի հետ»:

Իսկ այդ անվանակարգի մրցանակը ստացավ Գոռ Մարգարյանը՝ «Բովանդակություն» ներկայացման համար (ԵԹԿԻ-ի ու Գյումրու թատրոնի համատեղ նախագիծ), որը Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի հիման վրա է եւ 32 երիտասարդ դերասան է ներգրավված: Մարգարյանը մեկ անգամ էլ բեմ բարձրացավ լավագույն ռեժիսուրայի անվանակարգի մրցանակը ստանալու համար:


Լավագույն երիտասարդ բեմադրիչն էլ Նարե Մարտիրոսյանն է («Կույրերը», Վանաձորի Հ․ Աբելյանի անվ․ դրամ․ թատրոն): «Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթողը Գարեգին Եվանգուլյանն է («Կոշկավոր կատուն»՝ Պարոնյանի անվ. թ-ն, «Կատուն շիկացած տանիքին»՝ Պատանի հանդիսատեսի թ-ն), զգեստների նկարիչը՝ Թամարա Բարոյանը («Խատուտիկի գինի», Համազգային թատրոն), երաժշտության հեղինակը՝ Նարեկ Կոսմոսը («Միզերի», «Բովանդակություն»), լուսային նկարիչը՝ Արամ Աղաջանյանը («Լարովի նարինջ», Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թ-ն), լավագույն թատերախոսականի հեղինակը՝ Նաիրա Շահվալադյանը:

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհին ու դերասանը Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնից են: Լիլյա Մուկուչյանը («Վիյ») մրցանակը ստանալուց հետո խոստովանեց, որ իր լավագույն ընկերներից դերասանուհի ու նաեւ ռեժիսոր Ելենա Վարդանյանը մրցանակաբաշխությունից առաջ ասել է, որ 2 տարբերակ ունեն. «Կամ հաղթում ես, ու գնում ենք խմելու, կամ էլ քեզ չեն հանձնում մրցանակը, եւ նորից գնում ենք խմելու, քանի որ էլ անհանգստանալու կարիք չունենք»:


Իսկ Վյաչեսլավ Շամիրյանն («Բալենու այգին») անկեղծացավ, որ հուզված է, քանի որ շատ վաղուց նման մրցանակ ստանալու համար բեմ չէր բարձրացել:

«Արտավազդ»-ի ժյուրիի հատուկ մրցանակները ստացան «Գոյ» (ինքնատիպ թատերական հետագծի համար), «Մետրո» (հանձնախմբի համակրանք) եւ Արտաշատի Ամո Խարազյանի անվան (թատրոնի գործունեությանը նոր շունչ հաղորդելու համար) թատրոնները: Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն էլ մրցանակ ստացավ թատերարվեստին արժանապատիվ ծառայելու համար:


Երեկոյի վերջում անդրադարձ եղավ նաեւ Արցախի Վ. Փափազյանի անվան թատրոնին, որը չնայած ամբողջ երկրի պես դժվար օրեր է ապրում, սակայն շարունակում է հավատարիմ մնալ իր կոչմանը: Թատերարվեստին արժանապատիվ ծառայելու համար մյուս մրցանակին արժանացավ 70-ամյա Կարինե Քոչարյանը, ով երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ-ում, սակայն 2020 թվականի պատերազմից հետո տեղափոխվել է Արցախ ու սեփական գումարներով ներկայացում բեմադրել, այն շրջագայել է Հայաստանում, Ռուսաստանում ու շուտով լինելու է նաեւ ԱՄՆ-ում: Քոչարյանը միջոցառմանը ներկա չէր, սակայն տեսակապով էր հետեւում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին