×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը ապրիլին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ապրիլ ամսվա ընթացքում: 

Մոտ 150 լրատվական կայքերի ապրիլ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝ 


•    Լուսինե Թովմասյան՝ 122 հիշատակում,

•    Իվետա Մուկուչյան՝ 88 հիշատակում,

•    Խորեն Լեւոնյան՝ 36 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Ապրիլին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Լուսինե Թովմասյանն է։ Նա ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրը, առաջին անգամ հրապարակել է նորածին դստեր՝ Այայի լուսանկարները։

«Ուզում եմ հենց այսօր ձեզ ծանոթացնել իմ հրաշքի՝ շատ նուրբ ու քնքուշ աղջկա հետ: Այան եկավ, ու իմ աշխարհը դարձավ ավելի ջերմ ու լիարժեք»,- նշել էր Թովմասյանը:

Ապրիլի վերջին արդեն հաղորդավար-մոդելը հայտարարեց, որ հեռացել է Առաջին ալիքից. «Հանրային հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարել է ինձ փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր։ Պատճառը՝ աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտներից մեկի՝ Լանգ Լանգի, ով Հայաստան էր հրավիրված պետական միջոցներով, ինչպես նաեւ Սերգեյ Սմբատյանի հետ իմ իրականացրած հարցազրույցն էր, որը նախատեսվում էր հրապարակել սոցիալական հարթակներում։ Նշեմ, որ իմ աշխատանքային պայմանագրում դա արգելող որևէ կետ չկա»։

Թովմասյանը նշել է, որ չի պատրաստվում գործիք դառնալ որեւէ մեկի ձեռքում՝ նրա անձնական հարցերը լուծելու համար. «Սիրում եմ իմ բոլոր արդարամիտ գործընկերներին, իսկ մյուսներին՝ ներում՝ հուսալով, որ լավ չեն հասկանում, թե ինչ են անում»։

Իվետա Մուկուչյանը երկրորդ հորիզոնականում է: Երգչուհին սկսել է համագործակցել սպորտային հագուստ եւ պարագաներ արտադրող գերմանական հանրահայտ ընկերության հետ՝ դառնալով ապրանքանիշի ամբասադորը Հայաստանում: 

Ապրիլի 25-ին նա ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում անցկացված փառատոնին՝ հաջորդ օրը գրելով՝ «հպարտ է, որ հայ է, եւ անսահման շնորհակալ է՝ իրեն, որպես միակ հայ արտիստի, հանդես գալու հնարավորություն տալու եւ իր էներգիան ներկաների հետ կիսելու համար»։

Երրորդ հորիզոնականում Խորեն Լեւոնյանն է: «Մի վախեցիր» հայտնի ֆիլմը 20 տարի անց դարձել է գիրք։ Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի վիպակի շնորհանդեսին մասնակցել է նաեւ ֆիլմի գլխավոր դերակատար Լեւոնյանը: 

Ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը, տեղի ունեցած «Անահիտ» մրցանակաբաշխության ժամանակ արտիստը ճանաչվել է «Տարվա լավագույն դերասան»՝ «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։

Կարդալ ավելին

Quality Sign BW